Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաբված տարեցները կգիշերեն բաց երկնքի տակ (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-71

Արդեն երկու օր է՝ տարեցներ քույր ու եղբայր զրկվել են տանիքից՝ հայտնվելով բաց երկնքի տակ։ «Իմ վեշերը ստեղ ա գտնվում  այն պատճառով, որ ոստիկանությունն անօրինական գործողություն ա արել: Խախտումներ ա արել, ինձ վտարել են բնակարանից»,- ասում է Ռազմիկ Դավթյանը։ Երևանի Շիրազի 20 շենքի 72 բնակարանի բնակիչ Ռազմիկ Դավթյանը պնդում է՝ ինքը բնակարանը գրավ է դրել, ու գումարը տվել վաղեմի ծանոթ Սամվել Սամվելյանին։ Վերջինս, թեև գրավոր պարտավորվել է վճարել գրավի գումարը, բայց հրաժարվել է դա անել։  «Ինձ խաբել են, Սամվել Սամվելյանը խաբեց..., հավատացել եմ մարդկանց, ուղղակի օգնել եմ»։ Գրավադրման ժամկետը լրանալուց հետո գրավատունը բնակարանը հանել է աճուրդի։ Նոր սեփականատեր է դարձել մեկ այլ անձ՝Արթուր Թազայանը։ Վերջինս էլ երկու օր առաջ դիմել է ոստիկանությանը՝ բնակարանից հին տերերին հանելու խնդրանքով։  «Ոստիկանները քանի անգամ դուռս են կոտրել, դուռս չեմ բացել, վախեցել եմ, 10-20 ոստիկան թափվել են վրես, ես հիստերիայի մեջ տվեցի դռանս ապակին կոտրեցի, արյունը չռռում էր»,- բողոքում է Ջուլիետա Դավթյանը։ Ռազմիկ և Ջուլիետա Դավթյանները իրենց խաբելու համար դատի են տվել Սամվել Սամվելյանին, Հայրենիք գրավատանը և գործում ներգրավված այլ անձանց։ Բայց մինչ գործը կքննվեր Մալաթիայի դատարանում, ոստիկանները բնակարանի նոր սեփականատիրոջ պահանջն են կատարել։ Բնակիչները վստահեցնում են՝ ոստիկաններն այդ բանն անելու իրավունք չունեին։  Քանի որ խարդախության փաստով քրեական գործ կա հարուցված և դատարանը բնակարանը տնօրինելու արգելք է դրել։  «Դատարանը արգելում է, որ Արթուր Թազայանը տնօրինի բնակարանը, դուք եկել եք ինձ հանում եք։ Ոստիկաններն ասին՝ էսի հեչ»,- ասում է Ջուլիետա Դավթյանը։ Քույր ու եղբայրը ուշադրություն են հրավիրում մեկ հանգանաքի վրա ևս՝ իրենց պատկանող բնակարանի աճուրդը կայացվել է առանց իրենց իմացության։ Անօրինականությունները պատժելու համար բնակիչները դիմել իրավապահ մարմիններին։  «Բողոքարկել ենք բոլոր տեղերը, որ Սամվել Սամվելյանը, Տոնոյան Կարենը էս ինչ մարդիկ խարդախներ են, քրեական գործ բացեք վրաները, ոչ մի անգամ ղեկավարները, դատախազությունը մեր հարցով չեն նստում, ծածկում են, փակում են գործը»։ Իսկ մինչ իրավապահ մարմինները տեղից կշարժվեն ու կորոշեն պատժել չարաշահումներ կատարած անձանց, տարեցները կշարունակեն բնակվել շենքի շքամուտքում։