Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածքի վեճի պատճառը պատգամավո՞րն է (տեսանյութ)

Հասարակություն
turudmboc

Մոսկովյան 8 համատիրությանը պատականող շենքերի  բնակիչները երկուսի մասի են բաժանվել։ Մի մասը պնդում է, որ Մաշտոցի 48 շենքի 7 քառ. մետր տարածքն իրենցն է, մյուս մասը ներկայանում է որպես սեփականատեր: «Քաղաքապետարանը սեփականացրել է 2012թ., ամեն ինչը օրինական է»,- վստահեցնում է սեփականատեր ներկայացող Նելլի  Հարությունյանը:  «Մենք չենք կարողանում երեք տարի է՝ մեր սեփականության տերը լինել: Դա նույն բանն է, որ հիմա մեր տուն մարդ գա ու տնից դուրս չգա»,- նշեց Նելլի  Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Գալստյանը: Համատիրության աշխատակիցները մի խումբ բնակիչների հետ վկայակոչում են  Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանի՝ 2002թ. որոշումը, որով տարածքն իրենց է հատկացվել վարձակալությամբ: Մինչդեռ համատիրության նախկին ղեկավար՝ Ալեքսան Գալստյանը 2014թ. ներկայացրել է քաղաքապետարանի որոշումը, որ 2 տարի է՝ տարածքի սեփականատերն ինքն է: «Ոչ մեզ կանչել են, ոչ ասել, որ այդ տարածքը պետք է սեփականացնեն, ոչ մի բան: Եթե մի բան լիներ, իր հաշվապահին կկանչեր, կասեր՝ հաշվապահ ջան, բնակիչների հավաքի, քանի որ տարածքը սեփականացվում է»,- նկատում է համատիրության հաշվապահ Ռիտա Սարուխանյանը: «Բնակիչները, որոնք օգտվում են այս համայնատիրության շենքից, չեն ստորագրել, որ իրենք ուզում են՝ դա վաճառվի: Ալեքսան Գալստյանը ներկայացրած այդ ստորագրությունները կեղծ են եղել, քանի որ հարցում չեն կատարել ու ժողով չի եղել, որ այդ տարածքը օտարվում է»,- վստահեցնում է Մոսկովյան 8 հասցեի բնակիչ Ռուբեն Ջրբաշյանը:  Ալեքսան Գալստյանի կինը՝ Նելլի Հարությունյանը եւ դուստրերը պնդում են, որ տարածքը ձեռք են բերել աճուրդով՝ այդ մասին տեղեկանալով «Ազգ» թերթից: Համատիրության անդամները հակառակ կարծիքի են՝ աճուրդն ապօրինի է եղել: Նրանք որոշակի ենթադրություններ ունեն, թե ինչու են ուզում տարածքը խլել իրենցից՝ այն ցանկանում է  գնել  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Միքայել Մելքումյանի հետ ընդհանրապես կապ չկա, չենք էլ ճանաչում էդ մարդուն. մի քանի անգամ հեռուստատեսությամբ տեսել ենք, միայն դա էր»,- ասում է Լիլիթ Գալստյանը:  «Միքայել Մելքումյանը եկել է, մտել է, ասել է՝ տարածքն եմ ուսումնասիրում: Ասում ենք՝ ի՞նչ եք անում, ասել է՝ ուզում եմ սա գնել: Մենք էլ ասել ենք՝ ի՞նչ գնել, սա մեր տեղն է»,- հայտարարեց Մոսկովյան 8 հասցեի համատիրության նախագահ Ռոզա Մաթեւոսյանը: «Համատիրության հետեւի տարածքի սեփականատերը Միքայել Մելքումյանի տղան է՝ Սերգեյ Մելքումյանը: «Ամերիա» բանկն այնտեղ վարձակալության հիմունքներով է տեղակայվել: Բանկի հետեւի մուտքը բակի կողմից մուտք չունի, միայն այստեղից կարող է ունենալ»,- Միքայել Մելքումյանի՝ տարածքը գնելու հավանական դրդապատճառը ենթադրում է Մոսկովյան 8 հասցեի լիազոր Գայանե Ասոյանը: Համատիրության տարածքն ազատելու համար տարածքի սեփականատեր ներկայացող ընտանիքը ոստիկանություն էր կանչել: Հակառակ կողմն իր հերթին հրավիրել էր Երեւանի ավագանու Ելք դաշինքի անդամներին, ինչպես նաեւ ՄԻՊ արագ արձագանքման խմբին: Ի վերջո, ավագանու անդամներին ու օմբուդսմենի արագ արձագանքման խմբին հաջողվեց համաձայնության գալ կողմերի հետ՝ ժամանակ տալ խնդիրը մանրամասն ուսումնասիրելու համար, ինչպես նաեւ՝ կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ տարածքն ազատելը: