Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ԲԱՑԱՐԿԸ

Հասարակություն

Բացի Ա1+ եւ Նոյյան Տապան հեռուստաընկերությունները դիտելու իրենց իրավունքը պաշտպանելուց , սպառողները մտադրվել են դատարանում պայքարել, որ դատավարությունը չիջնի փողոցային մակարդակի:

Դատավարության նորանշանակ նախագահող Ռուբեն Ներսիսյանը դատավարության հենց սկզբից ակնհայտորեն փորձում էր ընկճել դատարանում սպառողների ներկայացուցիչներ` Աշոտ Բլեյանին, Արտակ Զեյնալյանին եւ Վիգեն Խաչատրյանին: Վերջիններս դատավարության 15 րոպեյվա ընթացքում փորձում էին պարզել 11 օր առաջ նույն դատավոր` Ռուբեն Ներսիսյանի հանդեպ ներկայացրած բացարկի ճակատագիրը , այսինքն` ի վերջո, դատարանի որոշմամբ Ռուբեն Ներսիսյանն այս դատավարության նախագահողն է, թե՞ ոչ:

Բոլոր պրպտումներն այդպես էլ արդյունք չտվեցին եւ այդ հարցում որեւէ պարզություն չմտցրեցին: Դատավորի խոսքերով դատավարությունն առայժմ չի սկսել եւ գտնվում է նախապատրաստական փուլում , ուստի դեռ ժամանակը չէ հայտնել դատարանի որոշումը բացարկի վերաբերյալ: Ընդանրապես դատավոր Ռուբեն Ներսիսյանն այսօր առաջնորդվում էր միայն «ամեն ինչ ունի իր ժամանակը» մտքով: Այդ տրամաբանության պատճառով էլ դատավորն այդպես էլ այսօր ժամանակ չգտավ թույլատրելու նիստի նկարահանումները: Դատական կարճատեւ նիստի ընթացքում դատավորն ու սպառողների ներկայացուցիչները փորձում էին ապացուցել միմյանց օրենքի չիմացությունը: Ի վերջո, Ա1+ եւ Նոյյան Տապան հեռուստաընկերությունների սպառողների դատավարությունը հերթական անգամ հետաձգելու պատրվակը հետեւյալն էր. հայցվորներն իրենց ներկայացուցիչներին դատարանին պետք է պատշաճ ձեւով ներկայացնեն, ինչն, ըստ դատավորի արված չէր մինչ այսօր:

Հիշեցնենք, որ նույն դատավարության նախորդ դատավորը սպառողների 3 ներկայացուցիչների դատարանում հանդես գալու դեմ չէր առարկում , իսկ դատարանը նույնիսկ ընդունել է նրանց բացարկը առաջին դատավորի հանդեպ: