Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ԵՄ-ին երաշխիք տվե՞լ է, որ խախտումները կվերացվեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-33-1

Արդյո՞ք ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների որակը կազդի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված նոր համաձայնագրի կնքման գործընթացի վրա։ Հարցին պատասխանում է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ ՄաքԱլլիստերը. «Դեռևս սպասում ենք Հայաստանում ընտրությունների անցկացման մասին ԺՀՄԻԳ-ի գնահատականին։ Քանի դեռ այս եզրակացությունը ներկայացված չէ, կարծում եմ, առանձնապես նպատակահարմար չի լինի մանրամասներին անդրադառնալ։ Ինչպես նշեց Եվրոպական խորհրդարանից ընտրությունը դիտարկող խմբի ղեկավարը, ընտրությունը լավ էր կազմակերպված, սակայն մնում են թերություններ։ Եվ ես խորհուրդ կտայի Հայաստանի իշխանություններին հետամուտ լինել ԵԱՀԿ-ի առաջարկություններին»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասում է նա։ Ըստ պարոն ՄաքԱլլիստերի՝ դեռևս ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել՝ երբ բանակցությունները կավարտվեն  և կոնկրետ ինչպիսի բովանդակությամբ։ Համապարփակ և ընդլայնված նոր համաձայնագրի հարցը քննարկվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում Նալբանդյան-Մոգերինի հանդիպման ժամանակ. «Տեխնիկական և իրավական մշակումների աշխատանքը լիարժեքորեն ընթացքի մեջ է։ Եվրոպական հանձնաժողովի մասնագետներն այժմ ստուգում են համաձայնագրի յուրաքանչյուր տառ ու բառ, որպեսզի կատարյալ կերպով համահունչ լինի ներկայացվող պահանջներին։ Հայկական կողմը հույս է հայտնել, որ համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման նոյեմբերին` Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության  գագաթնաժողովից առաջ»,- ավելացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Դեյվիդ ՄաքԱլլիստերի խոսքով՝ նոր համաձայնագրի հիմքում պետք է դրված լինեն միասնական, համատեղ արժեքները և էական հավատարմությունը ժողովրդավարության,մարդու իրավունքներին, և իրավունքի գերակայությանը. «Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմվելիք եզրակացությունը կարևոր կլինի Ստրասբուրգում որոշում կայացնելու գործընթացի համար»։ Հայաստանում շարունակում են մարդու իրավունքների կոպտագույն խախտումները իշխանությունների ու իրավապահների կողմից։ Արդյո՞ք այս հարցը բարձրացվել է Սերժ Սարգսյանի և Հայաստանի այլ ղեկավարների հետ այսօրվա հանդիպման ժամանակ։ Նրանք երաշխիքներ տվե՞լ են, որ իրավախախտումներն ի վերջո իրավական գնահատականի կարժանանան։ «Ա1+»-ի հարցին պատասխանեց Դեյվիդ ՄաքԱլլիստերը։ «Մարդու իրավունքների հարցերը նախագահ Սարգսյանի, նախարարների, խորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ արծարծել ենք։ Այս առավոտ էլ այս հարցի շուրջ շատ երկար հանդիպում ունեցանք քաղաքացիական հասարակության հետ։ Հավաստիացնում եմ, որ այն, ինչ լսեցինք ու տեսանք, ամբողջովին հաշվի կառնվի Բրյուսելում և Ստրասբուրգում մեր կողմից քաղաքական աշխատանքի մեջ։ Եվրոպական միությունն ամբողջ աշխարհում հայտնի է որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության համար պայքարող մարտիկ։ Մենք ցանկանում ենք Հայաստանին սատարել այն ճանապարհով ընթանալու, որը երկիրը կդարձնի բերեկեցիկ, ժողովրդավար և ակտիվ քաղաքակացիական հասարակությամբ երկիր, որտեղ կհարգվի իրավունքի գերակայությունը»։ Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեց, որ մարդու իրավունքների հարցով հաջորդ շաբաթ Հայաստանի իշխանության հետ հանդիպում է նախատեսված. «Հաջորդ շաբաթ Հայաստանն ու Եվրոպական միությունը կանցկացնեն երկխոսություն մարդու իրավունքների շուրջ։ Մյուս երկուշաբթի Բրյուսելում անդրադարձ կարվի այդ զգայուն հարցերին»։ Ի դեպ, Դեյվիդ ՄաքԱլլիստերը, դատելով իրենց տրվող հարցերից, բարձր գնահատեց Հայաստանում լրատվամիջոցների ազատությունը. «Հայաստանում լրատվամիջոցների ազատությունը շատ լավ է»,- ուրախությամբ հայտարարեց նա։ Հավանաբար, եվրոպացի պաշտոնյայի զարմանքը կապված է Ադրբեջան այցի հետ, որը մեղմ ասած մամուլի անազատություն ունեցող երկիր է համարվում։ Բացի այդ, նա Հայաստանում լավ աշխատանքի համար գովեստի խոսքեր հնչեցրեց ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հասցեին։ Վերջինս համեստորեն շնորհակալություն հայտնեց, ավելացնելով. «Հույս ունեմ ներկա ԶԼՄ ներկայացուցիչները համաձայն կլինեն այս գնահատականի հետ»։