Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավորը չգիտի, թե ինչ է զիջելու Ղարաբաղն Ադրբեջանին (տեսանյութ)

Քաղաքականություն
rafik

Ո՞վ է ասել, որ Հայաստանի 6-րդ խորհրդարանն է տալու Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքների վերադարձի համաձայնությունը,-զարմանում է հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը. «Երբեք ես չեմ պատկերացնում, որ լինի մեկ հայ, որը որ տարածքների մասով զիջում կանի: Փոխզիջում՝ ինչ-որ տեղ»: Ռաֆիկ Գրիգորյանը պատկերացում չունի, թե ինչի դիմաց ինչ է զիջելու Ղարաբաղն Ադրբեջանին: Նրան տեղեկացնում ենք, որ սկզբի համար գուցե 5 շրջան պետք է զիջել՝ Լեռնային Ղարաբաղին Հանրապետությանը կարգավիճակ տալու համար. «Ոչ, ոչ, ոչ, էդպիսի բան, 5 շրջան չի լինի»: Նորընտիր պատգամավորը վստահ չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Ղարաբաղի հարցը կլուծվի: Ինքը դա Իլհամ Ալիեւի հետ չի անելու. «Կա ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, կա էդ գերտերությունները, որոնք որ նաեւ իրենց խոսքը պիտի ասեն»: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրություն փոխեց, որպեսզի Ազգային Ժողովը Ադրբեջանին զիջի  Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքները. «Հայկական կողմը շատ հստակ թեզի վրա է կանգնած, որ չի կարող ընդհանրապես որեւէ զիջման մասին խոսք գնալ, քանի Ադրբեջանը չի ճանաչել ինքնորոշման իրավունքի իրացումը»: Նախ կարգավիճակ, հետո արդեն կարելի է խոսել տարածքները զիջելու մասին: Խորհրդարանի իր ելույթում Սերժ Սարգսյանը հենց այս մտայնությունն է, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, փոխանցել պատգամավորներին. «Մենք խոսում ենք այնպիսի զիջումների մասին, որը ընդունում է Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի ժողովուրդն իր հանրաքվեով վերջերս իրականացված հայտարարել է, որ քանի չի վերականգնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչվել նրա Անկախությունը, խոսել տարածքների վերադարձի մասին անիմաստ է: Սրա վրա է կանգնած նաեւ Դաշնակցությունը»: