Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկնաբուծարանները բերվելու են օրենքի դաշտ (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից  լարված  կամ  խտրական վերաբերմունք չի տեսնում ՀՅԴ նախարարների նկատմամբ. «Մեր բոլորի գործը նույնն է՝ իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք միասին հռչակել ու հայտարարել ենք՝ մեր երկրի զարգացման ուղղություն: Կան եւ, իհարկե, պետք է լինեն տարբեր մոտեցումներ եւ տեսակետների բախում: Սակայն շատ կարեւոր է, որ այդ բախման արդյունքում ծնվի ավելի արդյունավետ ճանապարհ գործողությունների»: Մինչ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելը, Արծվիկ Մինասյանը գլխավորում էր  Էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ  պաշտոնում շատ քիչ նա պաշտոնավարեց վարչապետի հետ: Կարճ ժամանակ անց նա դարձավ Բնապահպանության նախարար։ Լրագրողները չեն մոռացել վարչապետի հետ նրա վիճաբանությունները կառավարության նիստում. «Ես չեմ կարծում, որ բանավեճ ունենալը խոսում է հակասության մասին: Դա միայն խոսում է այն մասին, որ կարող են լինել տեսակետներ, եւ դրանց հնչեցման ցանկություն, կամք եւ հնարավորություն:Այլ բան, որ այդ տեսակետների բախումից ինչ որոշումներ են կայացվում, իսկ կայացվող որոշումները պետք է կատարվեն: Եթե կա տեսակետների բախում, դա խոսում է առողջ մթնոլորտի մասին»: ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նոր հուշագիրը, Արծվիկ Մինասյանի վստահեցմամբ, նախորդից տարբերվում է քաղաքական մշակույթի նոր շեշտադրումներով. «Որպես Բնապահպանության նախարար՝ ասեմ, որ այստեղ հատուկ շեշտված է բնապահպանական խնդիրը՝ որպես բնական միջոցների շահագործման դադարեցման, ավելի կայուն համակարգ ձեւավորելու ծրագիր: Ամրագրվել է, որ մենք պետք է ձեռնարկենք այդ գործողությունները»: Ձկնաբուծարանների համար շահագործվող արտեզյան ջրերը, որոնք հիմնականում տնօրինում են նախկին պաշտոնյաները, վերահսկվելու են. նախարարը խոստանում է առաջիկայում Արարատյան դաշտում լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել. «Անկախ դիրքից, դերից, անկախ նրանց ունեցած ազդեցություններից՝ մենք բոլոր ձկնաբուծական տնտեսություններին բերելու ենք օրենքի դաշտ»: Բնապահպանական մյուս բոլորի հարցերը կարտացոլվեն նոր Կառավարության ծրագրում՝ կոնկրետ թվերով ու ցուցանիշներով: Ծրագիրը պատրաստ լինելուն պես կդրվի ԱԺ քննարկման: