Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմատ կառավարվող խամաճիկներ՝ ավագ դպրոցներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
xamach

Հայաստանի Գործատուների հանրապետական միության 10-ամյակի միջոցառմանը ներկայացված տիկնիկները Խամաճիկների թատրոնի դերասաններ չեն: «Ինքն իրենից չի ենթադրում փոխարինել տիկնիկային թատրոնը. մենք չենք մտնում արվեստի բնագավառ, սակայն այն հետաքրքիր լուծում է՝ որպես ատրակցիոն: Կարող ենք նրանց տեղադրել տարբեր մարդաշատ վայրերում, որ գրավեն մարդկանց ուշադրությունը՝ որպես գովազդային նյութեր, օրինակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի կոնստրուկտորական բյուրոյի պետ Արամ Մանուկյանը:  Ավտոմատ կառավարման խամաճիկները վաճառվում են  ՀՀ եւ Արցախի ավագ դպրոցներին, բուհերին՝ ուսումնական պրոցեսն ավելի հետաքրքիր դարձնելու համար: «Պատրաստվում են շատ հասարակ բաներից՝ ապակու լազերային կտրումով: Տեխնոլոգիան աշխատում ենք պարզ անել, որպեսզի արագ, մատչելի լինի»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:  5 տարի առաջ Հալեպից ՀՀ եկած Աիդա Սանթուրյանն այստեղ հիմնեց «Արիկա»՝ Մարաշի ասեղնագործությունը ներկայացնող ընկերությունը: Նա գոհ է արդյունքից. Կան բազմաթիվ գնորդներ։ «Մարաշի գեղեցիկ զարդանախշերին մարդիկ ծանոթացան ու սկսեցին դրանք իրականացնել իրենց տեսականիի մեջ՝ հագուստի, իրերի մեջ»,- նշեց «Արիկա»՝ Մարաշի ասեղնագործական ընկերության ղեկավար Աիդա Սանթուրյանը: Տիկին Սանթուրյանի վստահեցմամբ՝ ասեղնագործ աշխատանքները միջին խավի համար բավականին մատչելի են. «Այո, որոշ չափով փոքր պայուսակները, շատ մոդայիկ են: Մարդիկ արդեն ծանոթ են Մարաշի ասեղնագործությանը, դա արդեն հաղթանակ է ինձ համար: Շուկայում ասեղնագործությունը մի փոքր թանկ է: Ուղղակի Երեւանում զբոսաշրջությունն ակտիվ է. այս շուկան էլ ամառն է բացվում»:  Տեղական շուկայի զարգացման եւ նոր գործարարների, գործատուների ներգրավման համար ԵՄ, թե՞ ԵՏՄ շուկան է առավել ձեռնտու: Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահը կողմ է ԵՄ հետ համագործակցության շարունակմանը, մինչդեռ ԵՏՄ պարագայում նա շատ ստորգետնյա քարեր է նկատում, որոնք պետք է հայտնաբերվեն ու հղկվեն: «ԵՏՄ անդամ երկրներն իրենց ազգային օրենքներն են ընդունում եւ ԵՏՄ կանոնակարգերից դրանք երբեմն ավելի բարձր են լինում, որպեսզի կարողանան իրենց ներքին շուկաները պաշտպանեն: Այսինքն, ԵՏՄ շրջանակներում ես նկատում եմ շարունակաբար ոչ հավասար հարգանքի սկզբունքի պահպանումը»,- նկատում է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Բացի այդ, հիմնական խնդիրները ԵՏՄ հետ շարունակում են մնալ արտահանումն ու ներմուծումը: Երկուսի դեպքում էլ անդամ պետությունների հետ կապերը բավականին թույլ են։