Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» եւ «Շիրակն» այսօր կվիճարկեն Հայաստանի ֆուտբոլի գավաթը

Սպորտ
sport-hajastani-gavat

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի թվով 26-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Փյունիկը» եւ Գյումրիի «Շիրակը»: Փյունիկցիները բարձրագույն խմբի առաջնությունում արդեն զբաղեցրել են 4-րդ տեղը, իսկ շիրակցիները շարունակում են պայքարել մրցանակային երեք տեղերի համար: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը միմյանց հետ հանդիպել են վեց անգամ: Երեք խաղում հաղթել է  «Շիրակը», իսկ երկուսում՝ «Փյունիկը»: Ուշագրավն այն է, որ վերջին չորս խաղում հաջողության հասել են միայն հյուրերը: «Փյունիկը» Հայաստանի ամենագավաթային թիմն է համարվում: Հանրապետության 8-ակի գավաթակիրը վերջին անգամ եզրափակիչում անհաջողության մատնվել է 11 տարի առաջ, 2006 թվականին, երբ 0:1 հաշվով պարտվել է «Միկային»: Դրանից հետո փյունիկցիները հինգ անգամ մտել են եզրափակիչ եւ բոլոր դեպքերում հաղթանակ են տարել: «Շիրակը» միայն մեկ անգամ է տիրել Հայաստանի գավաթին, 2012 թվականին՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Դիլիջանի «Իմպուլսին»: Հավելենք, որ երկու թիմերն էլ արդեն եվրոպական գավաթների ուղեգիր են նվաճել, ուստի եզրափակիչը մարզական առումով ոչ մի նշանակություն չունի կողմերի համար: Գավաթը նվաճելու միակ առավելությունը կայանում է նրանում, որ Եվրոպայի լիգայի վիճակահանության ժամանակ գավաթակիրներն ավելի բարձր զամբյուղում են ընդգրկվում եւ համեմատաբար թույլ մրցակիցներ են ստանում: «Փյունիկ» - «Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կսկսի ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: