Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զենիթ-305», գինը՝ 5 ռուբլի. ինչ կա ԱԺ աշխատասենյակներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AJ-senyak

Նորընտիր խորհրդարանում պատգամավորների աշխատասենյակների ցուցանակների մեծ մասը դեռ պատրաստ չէ: Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը փորձում է հարմարվել նոր աշխատասենյակին: «Առաջին հայացքից, ճիշտն ասած, հիասթափված եմ. դրսից, երբ նայում ես շենքը շատ գեղեցիկ է, հարգանք ներշնչող է, մտնում ես ներս՝ Սովետական ժամանակների շունչը դեռ մնացել է: Ըստ ԱԺ Կանոնակարգի՝ պատգամավորն ու իր օգնականը պետք է ունենան մեկ համակարգիչ: Կարծում եմ՝ սա անթույլատրելի է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Այս եւ շատ այլ խնդրահարույց հարցերով նա դեռ չի դիմել ԱԺ աշխատակազմին, այլ պատրաստվում է ԱԺ Կանոնակարգը փոփոխելու առաջարկ անել: Գեւորգ Գորգիսյանը գիտի՝ նախկինում ում աշխատասենյակն է այն եղել. «Նիկոլ Փաշինյանի... Ճիշտն ասած՝ աշխատասենյակներ ընտրելիս ինձ համար շատ լուրջ դերակատարում ունեցավ շատ պահարանների առկայությունը»: Նախորդ՝ 5-րդ գումարման ԱԺ-ում, Ելքի զբաղեցրած աշխատասենյակները ՀԱԿ խմբակցությանն էին: Ելք դաշինքի 3 կուսակցության առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը կզբաղեցնեն իրար մոտ գտնվող սենյակները: Խմբակցության մյուս պատգամավորների աշխատասենյակները միմյանցից բավականին հեռու են գտնվում՝ միջանցքի ծայրում՝ աջ հատվածում, Սասուն Միքայելյանի, իսկ ձախ թեւի վրա՝ Մանե Թանդիլյանի աշխատասենյակներն են: Աշխատասենյակների արանքում ՀՀԿ մի շարք պատգամավորների, նաեւ՝ ԼՂՀ (ցուցանակը դեռ փոխված չէր Արցախի հանրապետություն-խմբ.) ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանի սենյակներն են: Ելք դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի աշխատասենյակն աչքի է ընկնում հին, գրեթե անպիտան առարկաների առատությամբ. «Ինչը ինձ մեծ զարմանք պատճառեց ԱԺ-ում առաջին օրվանից՝  ռադիոընդունիչներն են՝ «Զենիթ-305», գինը՝ 5 ռուբլի... Կարծում եմ՝ ավելի ժամանակակից ձեւով կարելի է հաղորդակցությունը կազմակերպել նիստերի դահլիճից հեռարձակման: Նման բան իմ մանկության տարիներին եմ տեսել վերջին անգամ»:  Նրա աշխատասենյակում առկա հնամաշ հեռուստացույցն ու կահույքի մեծ մասը պատգամավորը պատրաստվում է հանձնել ԱԺ աշխատակազմին:   Ի տարբերություն ընդդիմության սենյակների, իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես ԱԺ նորընտիր փոխնախագահների աշխատասենյակները փութաջանորեն վերանորոգվում էին՝ փոխվում էր ամեն ինչ՝ սկսած գորգից:  Վերընտրված պատգամավորների աշխատասենյակների փոխատեղումները, ինչպես նաեւ՝  նոր խորհրդարանականների սենյակների ընտրությունը հետաքրքիր դասավորություն է ստացել. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին տրամադրվել է այժմ արդեն գոյություն չունեցող Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի աշխատասենյակը, իսկ ՕԵԿ խմբակցության սենյակները՝  ԱԺ նախկին մեկ այլ նախագահ Սամվել Նիկոյանին եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:  Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն իր աշխատասենյակի շուրջբոլորը ձեւավորել է գեղանկարներով: «Ժառանգության» արդեն նախկին աշխատասենյակները դեռ որեւէ մեկը չի զբաղեցրել, փոխարենը նրանց դեմ-հանդիման ՀՀԿ պատգամավոր, «ՍԱՍ գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի սենյակն է: Իսկ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը նոր տեր ունի՝ Սամվել Ալեքսանյանը: