Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մետաքսի նոր ճանապարհ». ի՞նչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
metaqsi-chanaparh-nkar

Համաշխարհային տնտեսական արենայում նոր միավոր է առաջանում։ Չինաստանը նոր թափ է հաղորդում «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծին։ «Չինաստանը գիտակցում է՝ եթե նոր շուկաներ ձեռք չբերի, տնտեսական զարգացումը կարող է խաթարվել, կառաջանան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ»,- ասում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի ծրագրերի ղեկավար Ռիչարդ Գիասին։ Հայաստանի քաղհասարակության հետ հանդիպմանը միջազգային փորձագետները բացահայտում են՝ ինչն է ավելի քան 1 միլիարդ բնակչություն ունեցող երկրին դրդել տնտեսական մեկ գոտու մեջ միավորել մի քանի տասնյակ  երկրների։  Եվրասիական ֆորում և Շվեդիայի արդյունավետության միջազգային խորհրդի ներկայացուցիչ Հենրիկ Հալգրենն ասում է. «Տնտեսական երկնիշ աճը Չինաստանի համար մնացել է հետևում։  Տնտեսական աճի ցուցանիշը իջել է մինչև 6 տոկոսի։ Չինաստանը բավականին լուրջ է վերաբերվում այս նախագծին։ Եթե առևտրային նոր ուղին կյանքի կոչվի, չինական ապրանքները կհոսեն արևմտյան շուկաներ։ Դա կփրկի չինական տնտեսությունը»։ Մայիսի 14-ից 15-ը Չինաստանում անցկացվել է  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցում էին 29 երկրների ղեկավարներ։ Այստեղ էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով համաժողովի երկրորդ խոսնակն էր։ Նա համագործակցության պատրաստակամություն է հայտնել։  «ԵՏՄ-ն կարող է «Մետաքսի նոր ճանապարհ»-ի դաշնակիցը դիտվել, բայց դա ԵՏՄ 5 պետություններից է կախված։ Ռուսաստանը լավ հասկանում է՝ ԵՏՄ-ն միջազգային լեգիտիմությունը չունի՝ ի տարբերություն  «Մետաքսի նոր ճանապարհ»-ի։ Որոշ փորձագետներ համոզված են, որ կարճ ժամանակ անց չինական այս նախաձեռնությունը ԵՏՄ-ին կուլ կտա»,- ասում է Ռիչարդ Գիասին։ Արևելքից արևմուտք ազատ առևտուր կազմակերպելու համար կկառուցվեն նոր ճանապարհներ, երկաթուղի։ Չինաստանն արդեն 50 միլիարդ դոլարի ներդրում է արել, 500 միլիարդի ներդրում էլ դեռ կկատարվի 65 երկրներում։ Չինական ներդրումներից կարող է նաև Հայաստանն օգտվել, եթե Ռուսաստանը չընդդիմանա։ Հենրիկ Հալգրենն ասում է. «Հայաստանը ենթակառուցվածքների պակաս ունի, այստեղ նաև էներգետիկ անվտանգության խնդիր կա, քանի որ մեծ է մեկ Ատոմակայանից կախվածությունը։ Մետաքսի գոտու էներգետիկ ենթակառուցվածքը կարող է Հայաստանին հետաքրքրել։ Ի դեպ, Հայաստանն արդեն իսկ Չինաստանի հետ առևտրաշրջանառության մեծ ծավալ ունի, դա գերազանցում է անգամ հարևան Իրանի հետ առևտրի ցուցանիշին»։ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին ենթադրում է 22 տրիլիոն դոլարի ներդրում։  Բայց չինական նախագծին առավել զգուշավոր են մոտենում նրա արևմտյան մրցակիցները։ Ամերիկյան ու եվրոպական ընկերությունները կասկածում են, որ կատարվելիք ներդրումները հետ կվերադարձվեն։ Բանն այն է, որ Մետաքսի ճանապարհը նախատեսված է անցկացնել նաև քաղաքականապես ոչ կայուն պետություններով. ոչ ոք չգիտի՝ 10 տարի հետո ինչ կլինի Ղրղըզստանում կամ Պակիստանում։