Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կղզի Լոռիում. այստեղ կհասնեն միայն համարձակները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kxzi-nkar

 Լոռվա հրաշքը տեսնելու համար նախ պետք է հաղթահարել ջրափոսերի ծուղակները։ Հաջողությամբ շրջանցելուց հետո Վարդաբլուր գյուղի այցելուի առաջ իրական կղզի է՝ արհեստական լճի մեջ։ Գողտրիկ այս վայրը վարդաբլուրցիների ու շրջակա գյուղերի բնակիչների հանգստի կազմակերպման լավագույն տարածքներից է։ Սակայն դեռ հեռու է տուրիստական գոտի լինելուց՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Կղզի մուտք գործելն արդեն իսկ ռիսկ է ենթադրում։ Մետաղյա կամուրջը հազիվ է պահում անցնողներին՝ քայքայված լինելու պատճառով։ Փոքր-ինչ անզգույշ լինելն անգամ կարող է ճակատագրական լինել։ Նաև՝ աղբակույտերի կարելի է հանդիպել։ Գյուղացիները սրտնեղում են՝ ունեն բնական հրաշալի էկոհամակարգ, բայց այն քչերին է հայտնի։ Եթե այստեղ գումարներ ներդրվեն, 8 լճերն ու կղզին կարող են ամառային հանգստի սիրահար հայաստանցիների սիրելի տեղը դառնալ։ Կղզուն անտառաշերտն է շրջապատում։ Հանգիստը բարդիների ու եղևնիների ներքո առողջարար է։ Գարնան այս շրջանը փոշոտման ժամանակն է։ Բայց հաճույքներն այդքանով չեն ավարտվի։ Վարդաբլուրում բնակվողներին միայն հաճույք չէ, որ սպասվում է։ Սոցիալական խնդիրներով աչքի ընկնող գյուղում ձկնորսությունն արգելված է։ Այդպիսի պաստառներն այստեղ ամենուր են։ Լճերից մեկի վարձակալը ձկների սիրահարներին հեռու պահելու հարցում շատ հեռուն է գնացել՝ փշալարերով փակելով լիճը։ Լավ օրից չէ, որ գյուղացիներն այս քայլին են գնում։ Գյուղը տարեցտարի դատարկվում է։ 2000-ականներին գյուղի դպրոցում 300 աշակերտ կար, իսկ հիմա՝ 140։ Արտագնա աշխատանքը հաց վաստակելու ամենատարածված միջոցն է։ Երիտասարդները գնում են՝ մնացողները անասնապահությամբ զբաղվում։ 1000-ի չափ բնակիչ ունեցող գյուղի կյանքն առաջ ուրիշ է եղել։ 2000-ականներին այստեղ հացի ու խմորեղենի երկու փուռ էր աշխատում, խորհրդային տարիներին անգամ կարի ֆաբրիկա կար, որտեղ գյուղի կանանց մեծ մասն էր զբաղվում։ Հիմա այդ օրերը կարոտով են հիշում։  Գյուղի անդորրը այս օրերին երեխաներն են խախտում։ Խաղադաշտ չունենալը ֆուտբոլ չխաղալու պատճառ չէ։ Փայտի չորս կտորն անգամ բավարար է՝ ֆուտբոլի դաշտ կառուցելու համար։  Իսկ երբ ծառերի ճյուղերի աղմուկն ուժգնանում է, երեխաները հասկանում են՝ տուն գնալու ազդանշանն է։ Եղանակն այստեղ բավականին խիստ է, ուժգին քամուն չեն դիմանում անգամ հաստաբուն ծառերը։   Անցած հոկտեմբերից վարդաբլուրցիներն արևի երես չեն տեսնում, ամիսներով սարերի վրա կամ ձյուն է, կամ էլ մառախուղ։ Լոռեցիները կատակով ասում են՝ Լոնդոնը տեղափոխվել է իրենց մոտ, ափսոս, որ միայն եղանակի տեսքով։