Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում (տեսանյութ)

Քաղաքականություն
ani-zaxaryan

Եթե  մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:  Նա մեղադրվում է   հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում  բարձրախոսով  ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի  խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝  պատճառելով  216.000 ՀՀ դրամի գույքային վնաս: «Իրբրեւ կոչեր եմ հնչեցրել, որ մերոնց այնտեղ են ջարդում, մենք էլ այստեղ պետք է իրենց ջարդենք: Իբրեւ այդ կոչից հետո հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Սակայն որեւէ տեսանյութ, որեւէ փաստ չկա:  Այդ ընթացքում եղել է ոստիկանական մեքենային մոտենալը եւ  ինչ -որ մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին: Ես հեռու կանգնած եմ եղել եւ որեւէ առնչություն չունեմ այդ միջադեպին»,- «Ա1+»-ին ասաց Անի Զախարյանը: Գործով  անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող:   «Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը:  Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ.  «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, եւ լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական,  մասսայական  երեւույթների հետ կապված»,- ավելացրեց նա:  Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց:  Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով: