Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վկա. «Հեռախոսիս հետ դժբախտ պատահար եղավ» 

Քաղաքականություն
ishxan

Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով  պաշտպանները  դատավարության հենց սկզբում  դատավոր Վաչե Մարգարյանից հետաքրքրվեցին՝ ինչու է իրենց նկատմամբ դատական սանկցիա կիրառել:  «Դուք դատավարության հենց սկզբում ինչու չհետաքրքրվեցիք, թե նախորդ նիստին ինչու չէինք ներկայացել: Միգուցե ծանրաբեռնված էինք:  Կամ միգուցե՝ դատախազություն պետական ռեսուրսները վատնելու համար հաղորդում ներկայացնեիք»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց փաստաբան Լիանա Գրիգորյանը: Նախորդ դատական նիստում դատավորը Լիանա Գրիգորյանի, Կարեն Հովհաննիսյանի, Կարեն Ղազարյանի նկատմամբ որոշել էր  կիրառել դատական սանկցիա,  այն է` դիմել Փաստաբանների պալատ՝ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար: «Ինչու սանկցիա, եթե բազմաթիվ այլ միջոցներ կան: Սա վիրավորում է փաստաբաններին եւ ձեր կայացրած որոշումը ուղղակի զավեշտ է »,-  նշեց Լիանա Գրիգորյանը: Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ ավելացրեց, որ  այս որոշումը նպատակ է հետապնդում պատժել փաստաբաններին եւ անհարգալից վերաբերմունք է:  Նախկին դատավոր, ներկայումս Իշխան Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը  դատավորի նման վերաբերմունքը բնութագրեց որպես   բաժակի մեջ փոթորիկ սարքել եւ նվաստացնել փաստաբաններին:  Իրենց հայտարարությունները ներկայացնելուց հետո դատարանը  2 ժամից ավել լսեց գործով վկա, փաստաբան Կիմա Սարյանին: vka Նա է ներկայացրել գործով առանցքային վկա Նորիկ  Հակոբյանի շահերը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան  Բարսեղյանը  Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք՝ 1000 ԱՄՆ դոլար: Այսօր  վկա- փաստաբանը պատմեց, որ մտերիմ է  գործով մյուս ամբաստանյալի՝  Էլզա Զաքարյանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա  կատարել է կաշառքի միջնորդություն: Վկան ավելացրեց, որ Էլզա Զաքարյանն է խնդրել զբաղվել Նորիկ Հակոբյանի գործով, ինքն էլ համաձայնվել է:    Նորիկ Հակոբյանը  տնից վտարման վտանգի  առաջ է կանգնած եղել, փաստաբանն էլ հակընդդեմ հայց  է ներկայացրել, սակայն ճակատագիրը անհայտ է եղել:  Գործը մակագրված է եղել Իշխան Բարսեղյանին:  «Նա ասում էր՝ կարող ես որեւէ մեկին գտնել, որ մոտենա դատավորին»,- պատմեց փաստաբանը:  Կիմա Սարյանի պատմելով՝ հստակություն մտցնելու համար նա զանգահարել է Էլզա Զաքարյանին եւ ասել, եթե հնարավոր է պարզի հակընդդեմ հայցի ճակատագիրը:   Ըստ ցուցմունքի՝ մի քանի օր անց իրեն զանգահարել է Էլզա Զաքարյանը եւ խնդրել մոտենալ Շենգավիթի դատարան:  Մոտենալով դատարանի շենքին՝ Էլզա Զաքարյանին եւ Նորիկ Հակոբյանին տեսել է մեքենայի մեջ նստած: Մեքենայի մեջ պարզվել է, որ հակընդդեմ հայցը մերժվել է: Ի դեպ, այսօր վկան նաեւ պատմեց, որ դատավոր Իշխան Բարսեղյանը  Էլզա Զաքարյանին 2000 ԱՄՆ դոլար է պարտք եղել: Համապատասխան պարտավորագրի ժամկետն էլ լրացել էր:  Ըստ նրա՝ Էլզա Զաքարյանը ցանկացել է դիմել դատարան, սակայն ինքը խորհուրդ է տվել հարցը լուծել արտադատարանական կարգով:  Էլզա Զաքարյանը ցանկացել է տեսնել դատավորին՝ հարցը լուծելու  համար: Դրանից հետո, ըստ վկայի, ինքը չի տեսել ոչ Նորիկ Հակոբյանին, ոչ Էլզա Զաքարյանին: Հաջորդ օրն էլ իր վստահորդից տեղեկացել է՝ դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է:    Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչ համարով է Նորիկ Հակոբյանը զանգահարել իրեն եւ արդյոք հիշում է համարը: Փաստաբանը համարը չէր հիշում, հեռախոսի մեջ էլ պահպանված չէր. «Հեռախոսիս հետ դժբախտ պատահար եղավ  »,- ասաց նա:  Վկայի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն  այսօր դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի վերաբերյալ հղիության մասին տեղեկանք: