Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես էռոռ էի, սիստեմնի սխալի պատճառով եմ ԱԺ-ում հայտնվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

6-րդ գումարման ԱԺ-ում այսօր մշտական հանձնաժողովների թվի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը, որպես հիմնական զեկուցող, իր ելույթում նշեց, որ Ելքի առաջարկած 10-րդ հանձնաժողովը՝ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովը միգուցե Ելքը չգլխավորի. «Բանն այն է, որ երկու՝ մեծ թվով պատգամավորներ ունեցող խմբակցություններին հանձնաժողովները բաշխվելուց հետո, ինչ մնար տակը, այն էլ կտրվեր Ելք դաշինքին եւ միգուցե դա այլ հանձնաժողով լիներ: Այսինքն, Ելքը ընտրության հնարավորություն չի ունենա: Նաեւ ուզում եմ ասել՝ մի գերագնահատեք հանձնաժողովների դերակատարումը, քանի որ իշխանական ուժը համամասնորեն է ներկայացված լինելու յուրաքանչյուրում, իսկ հանձնաժողովի նախագահը միայն մեկ ձայնի իրավունք է ունենալու»: Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց՝ որ հանձնաժողովն էլ հասնի Ելքին, ապա իրենք կոմպետենտ թեկնածու կառաջարկեն, որն էլ իր լիազորությունները լիարժեքորեն կիրականացնի. «Իսկ ՀՀԿ-ն Կրթության եւ գիտության նախկին նախարարին փորձ է անում վստահել արտաքին հարաբերությունները: Մի սպասեք՝ ես ձեր անունը չեմ տա (նրա խոսքն ուղղված էր Արմեն Աշոտյանին-խմբ.): Իմ գիտելիքները թույլ են տալիս, որ ես գլխավորեմ Պետաիրավական, Պաշտպանության, Արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների հանձնաժողովները, սակայն ես չեմ կարող ղեկավարել Առողջապահությունը»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նրան հիշեցրեց, որ ԱԺ նոր կանոնակարգով՝ խոսքի մեջ ում անունը, որ տալիս են, նա չի կարող արձագանքել: «Ես չեմ ուզում իմ ելույթը համեմեմ ՀՀԿ-ականների անուններով»,- արձագանքեց էդմոն Մարուքյանը: Պարոն Մարուքյանը հիշեցրեց նախկին փորձը, երբ ԱԻՆ եւ Տարածքային կառավարման նախարարությունները միավորեցին, ապա՝ քաղաքական շահերից ելնելով՝ կրկին տարանջատեցին. «Մենք ոչինչ չենք մոռանում: Ելքն ինքն իր շահը պաշտպանում է, եթե մենք մեր շահը չկարողանանք պաշտպանել, ապա հասարակության շահերն ինչպե՞ս ենք պաշտպանելու: Մենք որեւէ մեկից որեւէ բան չենք խնդրում, այլ մեր հասանելիքն ենք պահանջում: Կամ, օրինակ, ինչո՞ւ ոչ թե 8, այլ 9 հանձնաժողով, որ ձեր կազմից ավելի շատ մարդու պաշտոն տա՞ք, եթե հաշվի առնենք, որ «Ծառուկյան» դաշինքին Դոնթի բանաձեւով հասնում է 3, իսկ ՀՀԿ-ին՝ 6 մշտական հանձնաժողովի ղեկավարում: Երբ ես ընտրվեցի, իշխող ուժից ինձ ասում էին, որ դա չնախատեսված էր, ես էռոռ էի, սիստեմնի սխալի պատճառով եմ ԱԺ-ում հայտնվել:  Արդյունքում փոփոխվեց ԱԺ Կանոնակարգը, որ ես եւս կարողանամ մասնակցել մշտական հանձնաժողովների նիստերին: Ես հասկանում եմ, որ ուզում եք այնպես անել, որ Ելքը չունենա որեւէ մշտական հանձնաժողովի ղեկավարում: Մենք սա արձանագրում ենք: Սա քաղաքական որոշում է: Ի դեպ, ՀՀԿ այս նախագիծը ամբողջությամբ հակասության մեջ է  մտնում Սերժ Սարգսյանի ելույթի հետ: Եթե մերժեք մեզ, ապա այդ ելույթն ընդհանրապես ջուրն եք լցնելու»: Թե ՀՀԿ, թե Ելքի առաջարկները դրվեցին քվեարկության: ՀՀԿ առաջարկն անցավ 64 կողմ,  9 դեմ, 4 ձեռնպահ ձայներով: Ելքի առաջարկը եւս դրվեց քվեարկության: ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Նախագիծը հավաքեց 30 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայն եւ չանցավ: Ելքի անդամները պահանջեցին վերականգնել ՀՀԿ առաջարկի քվեարկության պատկերը: Արա Բաբլոյանը համաձայնեց, սակայն պարզվեց՝ տեխնիկապես դա հնարավոր չէր: