Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն առաջարկում է 9, Ելքը 10 մշտական հանձնաժողով՝ 12-ի փոխարեն

Քաղաքականություն
Dahlich_kisadatark

6-րդ գումարման ԱԺ-ում այսօր քննարկվում է մշտական հանձնաժողովների թիվը: Իշխող կուսակցությունն առաջարկում է հանձնաժողովների թիվը 12-ից կրճատել 9-ի, մինչդեռ Ելք դաշինքն առաջարկում է գոնե պահել Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկվող նախագծով առաջարկվում է այս հանձնաժողովը միավորել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովը միավորել Սոցիալական հարցերի հանձնաժողովի հետ, Գյուղատնտեսական եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովն էլ Տարածքային կառավարման հանձնաժողովին:  Նախատեսված էր նաեւ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը եւս կրճատել, սակայն վերջնական որոշմամբ այն կպահպանվի՝ ԵՄ հետ առաջիկայում խորը համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Ելք դաշինքի անդամ Արամ Սարգսյանը նկատեց, որ ինքը վաղուց ամբիցիաների կարիք չունի  կամ ինքնադրսեւորվելու, այդ պատճառով էլ անկաշկանդորեն կարող է ասել՝ սխալ է մշտական հանձնաժողովների թվի կրճատումը. «Կարող եք հանձնաժողովների թիվը 11 սարքել, մեկն էլ տվեք ՀՅԴ-ին, սակայն ինչ է նշանակում՝ ԱԺ լիազորությունները մեծացնելով՝ գումարները կրճատում են»: Դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին ոչ թե նոր իրավասություններ միացնել, այլ այն կիսելու անհրաժեշտություն ունի, քանի որ իր աշխատանքներում մեծ դիսբալանս ունի. «Այստեղ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լուծարման մասին խոսում են Գեւորգ Կոստանյանն ու Հրայր Թովմասյանը, որոնք ժամանակին եղել են Գլխավոր դատախազ, Արդարադատության նախարար: Մարդու իրավունքների պաշտպանող լինեին, այն ժամանակ կանեին: Եթե այս հանձնաժողովը գլխավորի ընդդիմության ներկայացուցիչ, ապա մենք կունենանք իրավիճակի լրջագույն փոփոխություն, կունենանք հակակշիռ: Սակայն այս առաջարկով  իշխանությունն ինչքան հնարավոր է մեծ դաշտ կունենա մարդու իրավունքների խախտման համար, ու ոչ մի թիզ չեն զիջի թշնամուն»: «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթւոմ ընդգծեց, որ չէր կարծում, որ այս հարցը կարող էր այսքան տեւական քննարկվել. «Եթե պատգամավորը աշխատում է ու զբաղվում է որեւէ խնդրով, անկախ ամեն ինչից կզբաղվի: Իմ գլխավորած Եվրաինտեգրման հանձնաժողովին երկար ժամանակ չեն մակագրվել օրենքներ՝ եզրակացություն տալու համար, սակայն դա չի խանգարել, որ նորմալ աշխատենք: Ուզում եմ հայտարարել, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկելու Ելքի առաջարկին, որ ունենանք 10-րդ հանձնաժողովը: Ո՞վ է  ասում, թե Ելքն է գլխավորելու այդ 10-րդ հանձնաժողովը, միգուցե մենք ենք Դոնթի բանաձեւով գլխավորելու այն, որպես մեծ թվով ընդդիմադիր ուժ»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հատարարեց, որ այս նախագծի քննարկմանը փորձ արվեց հարցը սրել, սակայն իրենք պրովոկացիաների չեն գնա, այլ քաղաքակիրթ պայքարում կտանեն քննարկումները: Դիմելով Ելքին՝ նա ասաց. «Եթե ձեզ պետք է ծառայողական մեքենա, պաշտոններ, իմանանք, սակայն որքան հասկանում եմ՝ ձեր ելույթները անկեղծ էին: Մեզ պետք են կառուցողական, ուժեղ ընդդիմություն, որ տեղին քննադատի մեզ»: