Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկու ընտրություններին գործեց ուժեղին հանձնվելու ֆենոմենը» (տեսանյութ)

Քաղաքականություն
reporta-yntr

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքացիները հույս են  ունենում, որ իրենց քվեն ինչ-որ բան կփոխի: «Սակայն ամեն անգամ արդյունքի չհասնելով՝ հիասթափվում են եւ հիասթափությունն այնտեղ է հասել, որ այս անգամ հետընտրական գործընթացներ չունեցանք եւ չունեցանք սուբյեկտ, ով կկազմակերպեր այդ հետընտրական գործընթացները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:  ԱԺ-ի  եւ Երեւանի ավագանու ընտրությունները Բորիս Նավասարդյանը գնահատում է ոչ թե մեկ քայլ առաջ կամ հետ, այլ դեպի կողք. «Բոլորը զգացին, որ ոչ մի տարբերակ չկա, քանի որ ոչ մի իրավական մեխանիզմ չի աշխատում, ու դու, ուզած-չուզած, պիտի ենթարկվես ուժեղին, եւ, փաստորեն, այստեղ տեղի ունեցավ ուժեղին ենթարկվելու, ուժեղին հանձնվելու ֆենոմենը: Մարդկանց գիտակցության մեջ հստակ ամրագրվել է՝ եթե չես ուզում խնդիրներ ունենալ, եթե ուզում ես, որ ամեն ինչ քեզ համար անվաս անցնի, դու պետք է համակերպվես այն համակարգի հետ, որ գոյություն ունի»: «Երբ ժողովրդին համոզում են, որ ընտրություններով հնարավոր չէ ոչինչ փոխել, ու հետո ժողովրդին տալիս են ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ են կիրառում, տեղամասերում ինչ-որ կերպ փորձում են վերահսկել՝ ինչպես քվեարկել, այս պարագայում շատ ավելի վատ է, քանի որ ամբողջությամբ հուսալքություն է առաջանում: Սա ժողովրդավարության ընդհանուր դեգրադացում է»,- նկատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: ՀԿ սեկտորի ներկայացուցիչները  երկու ընտրություններում էական տարբերություններ չեն տեսնում: «Որպես ընտրական գյուտ՝ կարելի է ճանաչել վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը, որը բավականին նոր անձ էր հասարակության կողմից, ընկալվում էր որպես ոչ վարկաբեկված անձ, եւ հաջողության մոտավորապես կեսը պայմանավորված էր հենց իր անձով: Շատ մարդիկ, քվերակելով ՀՀԿ-ին, քվեարկում էին վարչապետին՝ նույնիսկ որպես այլընտրանք ՀՀԿ-ին»,- կարծում է Բորիս Նավասարդյանը: «Իշխանությունները չունեն հանրային աջակցություն ու այն աստիճանի՝ երբ ինչ-որ մարդիկ զենք են վերցնում ու գնում են ոստիկանության գունդ են գրավում, այդ անձինք ստանում են հանրային սատարում: Եթե զինված մեթոդները ունեն հանրային սատարում, դա նշանակում է, որ հանրությունը ընտրությունների հետ կապված որեւէ հույս չի կապում», վստահ է Դանիել Իոաննիսյանը: Այն քաղաքացիները, որոնք չհամակերպվեցին խաղի այս կանոններին, ընդհանրապես չգնացին քվեարկության: Մասնավորապես Երեւանի ավագանու ընտրությություններում գրանցվեց բավականին ցածր մասնակցություն: Դա  փորձագետները բացատրում են նաեւ այն հանգամանքով, որ քաղաքական ուժերից շատերը չցանկացան ձեռնոց նետել ՀՀԿ-ին: