Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՅԼԻԿ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հասարակություն

Կառավարությունը Շիրակի մարզում բարեփոխումների անվան տակ իրականացնում է ավանտյուրա,-այսօր հայտարարեցին Գյումրիի թիվ 1 հիվանդանոցի բժիշկները:

Ըստ այդ հիվանդանոցի ուռոլոգ Լեռնիկ Մխիթարյանի, կառավարությունը որոշել է բարեփոխել քաղաքի բուժական հիմնարկների կառուցվածքը, որի արդյունքում 88 աշխատատեղ ունեցող թիվ 1 հիվանդանոցը պետք է փակվի եւ միացվի բժշկական եւ սանիտարական ավելի ցածր հնարավորություններ ունեցող Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին: Ըստ պարոն Մխիթարյանի, պետությունը Գյումրիի թիվ 1 հիվանդանոցին պարտք է ավելի քան երեք ու կես տարվա աշխատավարձ՝ 39 միլիոն դրամ: Հիվանդանոցը վերացնելուց հետո ըստ բժիշկների, մեխանիկորեն կվերանա աշխատավարձի խնդիրը:

Այսօր ասուլիս հրավիրած բժիշկները հավատացնում են, որ հիվանդանոցի փակումով անձամբ շահագրգռված է նաեւ Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը: Այս մարդը 97-98 թվականներին ղեկավարել է հիվանդանոցը եւ հեռանալիս թողել է 7 միլիոն դրամի դեղորայքի պարտք: Վնասվածքաբան Գեւորգ Խումհարյանը տեղեկացնում է, որ Ռուբեն Խաչատրյանը 24 միլիոն դրամով հիվանդանոցում սարքել է 5 աստղանի զուգարան, ինչպես նաեւ երկու տարի առաջ բացել է մարզային մի հիվանդանոց եւ 7 ամսվա ընթացքում 960 հիվանդի համար ծախսել է 46 միլիոն դրամ: Թիվ մեկ հիվանդանոցի բժիշկներին արդեն տեղեկացրել են, որ պետք է ազատեն հիվանդանոցի շենքը եւ տեղափոխվեն իրենց նոր հիմնարկ: Բժիշկները տեղեկացնում են, որ այդ շենքում է գտնվում մարզի միակ արճճապատված ռենտգեն կաբինետը, որի շնորհիվ հիվանդանոցի այցելուները չեն ճառագայթահարվում իրականացվող բուժումների ընթացքում:

Մարզի շտապօգնության բոլոր կայաններին առողջապահության վարչության պետը հանձնարարել է ոչ մի հիվանդ չտրամադրել ըմբոստ հիվանդանոցին: Բժիշկները պահանջում են իրենց թողնել հիվանդանոցի շենքը: Հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ չեն մասնակցի հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: