Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանահայերը որևէ թեկնածուի չեն պաշտպանում (տեսանյութ)

Քաղաքականություն
artyom

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այսօր անդրադառնալով Իրանի Իսլամական հանրապետությունում մայիսի 19-ին նախատեսվող նախագահական ընտրություններին` նշեց, որ հիմնական մրցակցությունը կընթանա գործող նախագահի` Հասան Ռոհանիի եւ Պահպանողական թեւի միասնական ներկայացուցչի` Էբրահամ Ռայիսի միջեւ։ Մյուս թեկնածուները հանել են իրենց առաջադրումը։ Ըստ նրա` Հասան Ռոհանիին հեշտ ընտրություն չի սպասվում. «Կարծում եմ` ընտրությունները կտեղափոխվեն 2-րդ փուլ։ Կլինի ձայների չնչին տարբերություն. երկու թեկնածուն էլ հավասար հնարավորություններ ունեն»։ Տարածաշրջանային զարգացումների պարագայում, ըստ նրա, երկու թեկնածուների դեպքում էլ որեւէ փոփոխություն չի լինի, հատկապես ՀՀ պարագայում բացասական միտումներ չկան։  Իրանագետի խոսքով` իրանահայերը ԻԻՀ-ում վայելում են մեծ հարգանք, սակայն Իրանն ունի իր արտաքին քաղաքականությունը, մասնավորապես դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Իրանահայերը այս երկրում ունեն երկու պատգամավոր, սակայն պետք է նշել, որ քաղաքական առումով հայ համայնքը շատ պասիվ է, եւ երբեւէ ընտրություններին չի սատարել որեւէ թեկնածուի»: Արտյոմ Տոնոյանի խոսքով` ընտրություններին մասնակից երկու թեկնածուների ծրագրերում որեւէ հիշատակում չկա արտաքին քաղաքականության մասին. «Հիմնական շեշտադրումները միայն ներքին քաղաքականության վրա են` գործազրկություն, բնապահպանական խնդիրներ։ Տարածաշրջանի, հատկապես ՀՀ հետ հարաբերություններին որեւէ անդրադարձ չկա։ Ես, համենայնդեպս չեմ հանդիպել»: