Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է կատարվում «Արարատում» (տեսանյութ)

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան՝ պահանջելով ակումբի կողմից իրեն չվճարած գումարները: «Անցած տարվա հուլիսին վեց ամսվա պայմանագիր էի կնքել «Արարատի» հետ, ըստ որի ամսական պետք է ստանայի 1200 դոլար, այնքան, որքան նախորդ տարվա ընթացքում: Սակայն հոկտեմբերի կեսերին թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը հայտնեց, որ աշխատավարձերը 50 տոկոսով կրճատվել են, եւ որ դա ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի որոշումն է: Ես դեմ չէի դրան, եթե, իհարկե, դա ուժի մեջ մտներ նոյեմբեր ամսից: Բայց ակումբը չհամաձայնեց այդ տարբերակի հետ: Ստիպված խզեցի պայմանագիրը, որի արդյունքում ես 3600 դոլար կորցրեցի: Այժմ դատարանի օգնությամբ ցանկանում եմ վերադարձնել ինձ հասանելիք գումարը», - ասաց 34-ամյա ֆուտբոլիստը: «Ա1+»-ի այն հարցին, արդյո՞ք ինքը գործակալ չունի, որը հիմնականում զբաղվում է նման վիճելի հարցերով, Նորայր Գրիգորյանն ասաց. «Ցավոք սրտի ես գործակալ չունեմ: Եթե ունենայի, միգուցե ավելի հեշտ կլիներ լուծել այս հարցը: Սակայն փաստն այն է, որ Հայաստանում ֆուտբոլիստների հետ ընդհանրապես պրոֆեսիոնալ պայմանագրեր չեն կնքում, եթե դու հավաքականի անդամ կամ թեկնածու չես: Պայմանագրում նշում են այնպիսի գումար, որը իրականում քեզ տրվող գումարից 10 անգամ քիչ է»: