Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարմանալի չէ, որ Գյումրին տաղանդներ է ծնում. տնօրեն (տեսանյութ)

Մշակույթ
16

«Գյումրին միշտ եղել է արվեստի քաղաք ու զարմանալի չի, որ այսքան շնորհալի երեխաներ ունենք, ասես ծիլ են տալիս», - ասում է Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Մալխասյանը: Դպրոցը կառուցվել է 1890-ականներին, որպես Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օժանդակ կառույց: Սկզբում ծառայել է որպես դպրանոց, հետո տպարան, իսկ 1974-ից՝ երաժշտական դպրոց, իսկ երկու տարի անց անվանվել է ժամանակակից գուսանական արվեստի հիմնադիր Աշուղ Շերամի անունով, որի 160-ամյա հոբելյանը նշվեց այս տարի: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դուդուկահար, դուդուկի մասնագիտական ձեռնարկի հեղինակ Գագիկ Մալխասյանը ավելի քան 20 տարի այս դպրոցի տնօրենն է: «Չնայած ես դաշնակահար եմ եղել, հետո նոր ընտրել եմ դուդուկը, քանի որ Շերամի անունն է կրում դպրոցը, որոշեցի այն դարձնել ազգային նվագարանների մասնագիտացված դպրոց»: «Եթե աշխատում ես, տնօրեն ես, ուրեմն պետք է ինքդ հարցեր լուծես: Պայմաններ ստեղծես, չսպասես թե ով ինչ կանի: «Բարերաները դատարկ տեղը մեզ ձեռք չեն մեկնել»,- ասում է պարոն Մալխասյանը: Վերանորոգված դասասենյակները իմ և իմ կոլեկտիվի, իսկ ամենակարևորը մեր սաների ջանքերի շնորհիվ է: Արտասահմանից եկած հյուրերին հրավիրել ենք դպրոց, համերգ կազմակերպել, նրանք էլ լսել են, հիացել, ու որոշել են օգնել»: Շվեյցարական ԿԱԶԱ հիմնադրամի աջակցությամբ դպրոցում մասնակի շինարարական աշխատանքներ են իրականացվել: Վերանորոգվել է դպրոցի երկու մասնաշենքերից մեկը և դպրոցի տանիքն ամբողջությամբ: Հիմա էլ   բարերարներ են փնտրում ՝ դպրոցի մյուս հատվածը վերանորոգելու համար: Ուսման անվճար սկզբունքով այստեղ շատ աշակերտ է սովորում: 37-ի համար պետությունն է վճարում: Տնօրինությունն էլ փորձում է ուսման վարձից ազատել այն երեխաներին, որոնք հնարավորություն չունեն վճարելու: «Ավելի լավ է մի դասասենյակ վերանորոգելու փոխարեն, այդ գումարը ի նպաստ լինի շնորհալի երեխաներին»,- ասում է տնօրենը: Գործիքի ընտրության հարցում առաջին հերթին այստեղ երեխայի ցանկությունը, նախասիրությունն են հաշվի առնում: Ռուսթավելի և Ջիվանու փողոցները հիմնովին վերանորոգվում են, անգամ սալիկապատվելու են, ինչպես որ հնում է եղել, և շուտով դպրոցի շենքն էլ, հին Գյումրու գեղեցիկ բնակելի տների կողքին քաղաք այցելած հյուրերին կներկայանա որպես պատմա-ճարտարապետական կոթող: