Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանի դստեր մասին. «կատեի արդյունքն առայժմ լավ բան չի ասում» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանական բռնությունն ապշեցրել է իրավապաշտպաններին։ Նման արտառոց դեպք դեռ չէր եղել։  «Ազգային ժողովի պատգամավորին՝ Զարուհի Փոստանջյանին, և ավագանու թեկնածուին կարելի է բռնության ենթարկել, և անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառել, փորձել բերման ենթարկել, դա բացարձակ աբսուրդ է»,- ասում է Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։ Ոստիկանների ու քաղաքացիական անձանց գործողությունների արդյունքում Զարուհի Փոստանջյանի դուստրը ուղեղի ցնցում է ստացել: Երեխան դեռ չի ապաքինվել։ «Առայժմ մեզ հետաքրքրում է երեխայի վիճակը, կատե են արել, որի արդյունքը առայժմ այդքան էլ լավ բան չի ասում։ Երեխան անկողնային վիճակում էր, որովհետև ուներ ուժեղ գլխացավեր, սրտխառնոց, գլխապտույտ, Զարուհու կապտուկները որ տեսա, ես ապշեցի»,- ասում է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Գոհար Արշակյանը։ Իրավապաշտպանները վստահ են՝ քաղաքապետի թեկնածուն ու դուստրը միտումնավոր թիրախավորվել են բռնարարների կողմից. «Որովհետև տարածքում կային այլ անձինք ևս, ոչ ոքի նկատմամբ այդպիսի գործողություն չի կատարվել»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Հանրապետականները հայտարարում են, թե Զարուհի Փոստանջյանն իրավունք չի ունեցել մուտք գործել իրենց շտաբ, փաստաթղթեր պահանջել։ Մինչդեռ իրավապաշտպանները հիմնազուրկ են համարում իշխանական այդ պնդումները։ Արայիկ Պապիկյանն ասում է. «Ընտրական շտաբ մտնելու որևէ սահմանափակում չկա օրենքով»։ Նինա Կարապետյանցը հավելում է. «Եթե հանկարծ Շարմազանովը կամ Աշոտյանը մտնեին ենթադրենք Երկիր Ծիրանիի շտաբ, ինչ-որ գործողություններ կատարեին, կարծում եք նրանց դուրս էին բերելու այնպես, ինչպես Զարուհի Փոստանջյանի՞ն, վստահ եմ, որ ոչ»։ Պատգամավորի ու նրա դստեր նկատմամբ ոստիկանական բռնությունները չեն պատժվի, վստահ են իրավապաշտպանները։ Դեպքից անցել է երկու օր, բայց քրեական գործ չի հարուցվել։ Փոխարենը՝ շտաբում տեղի ունեցածից կարճ ժամանակ անց դատախազությունն արդարացրեց Փոստանջյանի նկատմամբ իրավապահների արարքները՝ որակելով իրավաչափ։  «Հենց այդ պահին կանխորոշվեց գործի հետագա ընթացքը։ Դա ուղղակի ցուցում էր, հրահանգ էր քննչական մարմնին, որ արդեն իսկ կանխորոշված է։ Հետևաբար՝ որևէ քննիչ ՀՀ-ում չի կարող քննության արդյունքում հակառակն ապացուցել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։