Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդիները մի գյուղից մյուս գյուղ աղջկան դպրոց չեն ուղարկի» (տեսանյութ)

Հասարակություն
95edb2df88ecb4ef04682cd404766c04

«Եզդիների ազգային  միություն» ՀԿ-ն բաց նամակով դիմել են ՀՀ եւ ՀՀ ԱԺ նախագահներին՝ խնդրելով հետաձգել դպրոցների օպտիմալացման խնդիրը, որը ոչ միայն եզդիներին, Հայաստանում մյուս ազգային փոքրամասնություններին, այլ նաեւ հայերին կարող են վնասել: ՀԿ միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ  մասնավորապես Արագածոտնի մարզի 20 գյուղերում դպրոցների օպտիմալացման արդյունքում 15-20 եզդի ուսուցիչ կմնան անգործ: «Առանց այդ էլ գյուղերի ազգաբնակչության 60-70 տոկոսն արտագաղթել են, մինչդեռ նրանք Հայաստանն համարում են իրենց հայրենիքը, Հայաստանն առաջին երկիրն է, որ եզդիներին մշակույթի եւ կրթության զարգացման լուրջ հնարավորություն է տվել: Եզդիներն ունեն իրենց ավանդույթները. իրենց աղջիկներին դժվարությամբ են ուղարկում դպրոց, սակայն մի գյուղից մյուս գյուղ, հաստատ, չեն ուղարկի, եւ երեխան կմնա անգրագետ: Բացի այդ՝ նշված տարածաշրջանում ձմեռը ձյան շերտը 1 մետրից բարձր է լինում: Ինչպե՞ս կարող են երեխաներին ավտոբուսով հարեւան գյուղ ուղարկել: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է մտածել օպտիմալացումից առաջ»: Նա նշեց, որ ճիշտ կլինի որոշ ժամանակով հետաձգել այդ որոշումը: Ա. Թամոյանն իր լուծումն ունի այս հարցում: Նա առաջարկում է միավորել գյուղերի դպրոցները եւ 4-5 գյուղերում ստեղծել մեկ  դպրոցի մասնաճյուղեր: «Ոչ թե երեխաներին ուղարկել հարեւան գյուղ, այլ դասապրոցեսը կազմակերպել տեղում, իսկ դպրոցների տնօրենները եւ ուսմասվարները թող շրջեն այդ դպրոցի գյուղերի մասնաճյուղերում եւ հետեւեն դասապրոցեսի ընթացքին: Սա կարող է ֆինանսապես ձեռնտու չլինել, սակայն տեղի բնակչությունը կշահի»: