Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կներկայացնի (տեսանյութ)

Քաղաքականություն
elq1-1

ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում արձանագրեց՝ ընտրությունների արդյունքները ձևավորվել են քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է պահել յուրաքանչյուր անձի քվեն: Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում: Թե ովքեր կլինեն խմբակցության ղեկավար ու քարտուղար՝դաշինքը դեռ չի քննարկել։  Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքն ավելի քան 1000 ձայնով ավելի է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևանից ստացած ձայներն էին. «Մենք ունենք վստահության կայուն հենարան Երևանում և ընդհանրապես Հայաստանում,  մեր խնդիրն է մեր համակիրների թիվը բազմապատկել: Մեր քաղաքական գործունեությունը դրան է միտված լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԵԼՔ դաշինքը հնարավոր է դիմի ԿԸՀ՝որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով. « Իրականում դա չի ազդի ընտրությունների արդյունքի վրա, բայց մենք խոստացել ենք, որ մեր ամեն ձայնին տեր ենք լինելու ու այդպես էլ անելու ենք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։ Խոսելով ձախողումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դեռևս բազմաթիվ մարդիկ կան, որ գնում են ընտրության հանուն ընտրակաշառքի, մենք չկարողացանք համոզել այդ մարդկանց այդպես չանել, և մեր հետագա աշխատանքը հենց այս հարցը լուծելն է լինելու»։ ԵԼՔ դաշինքը վստահեցնում է, որ առաջիկա տարիների քաղաքական թրենդը հենց իրենք են լինելու, և հույս ունեն, որ մեծացնելով իրենց ազդեցությունը՝ կվերցնեն ամբողջ իշխանությունը։ Հարցին, թե արդյո՞ք կհամագործակցի ԵԼՔ դաշինքը «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ինչու՞ է Զարուհի Փոստանջյանը վերցնում մանդատները։ Ես զարմանում եմ, ինքը մեզ ասում էր, որ եթե վերցրել ենք ԱԺ մանդատները, ուրեմն ծախված ենք, դե հիմա ուրեմն էդ իր ասածը իրեն էլ է վերաբերում»։