Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Ռուսաստանում

Սպորտ
1-11

Ռուսական Օրենբուրգ քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի պատվիրակները նվաճել են ընդամենը մեկ մեդալ: 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանը հաղթահարելով նախնական փուլերը, հասավ կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվեց բելառուսցի Վադիմ Շոկային: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ձյուդոյիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սամուել Ն՛Զինգոյի հետ եւ վստահ հաղթանակ տարավ: Ֆերդինանդ Կարապետյանն արժանացավ բրոնզե մեդալի: Նույն օրը 60 կգ քաշային կարգում Վահագն Հովսեփյանը, Շահեն Աբաղյանը, Հովհաննես Ալեքսանյանը եւ Գոռ Մկրտչյանը պարտություն կրեցին առաջին իսկ մրցամարտում: Վոլոդյա Սարգսյանը (66 կգ) դուրս մնաց երկրորդ փուլից, իսկ Ռոբերտ Գաբրիելյանը (73կգ)՝ առաջինից: Այսօր տատամի մտան մեր 81կգ քաշային երեք ձյուդոյիստները: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Անդրանիկ Չափարյանը, որը պարտություն կրեց միայն կիսազեզրափակիչ փուլում՝ զիջելով ռուսաստանցի Ալու Բոչկաեւին: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ձյուդոյիստը հաղթեց սլովակցի Մատյուս Միլչովսկուն եւ երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց մեր թիմի համար: Նույն քաշային կարգում Վարդան Խաչատրյանն ու Դավիթ Սարգսյանը չկարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը: Կանանց մրցաշարում հանդես եկան 48 կգ քաշային Շուշանիկ Առաքելյանը եւ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: Նրանք անհաջող հանձնեցին ստուգատեսը եւ չկարողացան մեդալ նվաճել: