Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորին դիմավորում է, բոլորին ճանապարհում է». խախտումներ՝ Դավթաշենում (տեսանյութ)

Քաղաքականություն
ditordner

Դավթաշենի թիվ 200 դպրոցում տեղակայված 5/06 ընտրատեղամասում ավագանու ընտրություններին հետեւելու համար վաղ առավոտից գրանցվել է 5 դիտորդ։ Դիտորդ Արտյոմ Վարդանյանի ակտիվությունը տեղամասում գրանցված մյուս դիտորդներին դժգոհությունների հիմք է տվել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդ Լիլի Նիկոլայանն ասում է՝ Արտյոմ Վարդանյանն ուղղորդում է ընտրողներին. «Բոլորին դիմավորում է , բոլորին ճանապարհում է, մենք էլ գրանցեցինք որպես խախտում»։ Արտյոմ Վարդանյանը ընտրատեղամասում գրանցված է «Հայք» երիտասարդական ազգային պահպանողականների միավորում ՀԿ-ից է, սակայն կազմակերպության կողմից ԿԸՀ-ին ներկայացրած դիտորդների ցանկում նրա անուն ազգանունը բացակայում է։ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ընդգծում է՝ Դավթաշենում գրեթե բոլոր տեղամասերում կան անձինք, որոնք ներկայանում են որպես դիտորդ, սակայն ԿԸՀ-ին տրված ցուցակում չկան։ Նման ահազանգեր նաեւ Աջափնյակից եւ Արաբկիրից կան։ Գեւորգ Գորգիսյանը ԿԸՀ-ին է փոխանցում ՀԿ-ների տրամադրած ցուցակներում բացակայող եւ դիտորդական առաքելություն իրականացնողների ցուցակը։ Բացի «Հայքից»,  նման անձինք ներկայացել են նաեւ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիայից»,  «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ»-ից եւ «Կրթական մշակութային կամուրջ» ՀԿ-ից։ Պատգամավորն ասում է՝ բոլոր այդ անձինք աշխատում են ՀՀԿ-ի օգտին. «Բոլորը ուղղորդում են, դիտորդներից մեկը մեզ ասաց, որ նրանք ընտրողներին ասում են՝ մտեք 3-րդին քվեարկեք»։ ԵԼՔ-ում արձանագրել են նաեւ դեպքեր, երբ իբր վատ տեսողություն ունեցող մարդկանց հետ որեւէ մեկը որպես ուղեկցող օգնել է քվեարկել, սակայն հետո նույն անձը մտել է տեղամաս եւ գրանցվել որպես ՀՀԿ-ի վստահված անձ։