Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղեգնաձորցի փոքրիկները՝ ՏՏ աշխարհում (տեսանյութ)

Հասարակություն
erexaner-nkar

Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներն այս օրը դեռ երկար կհիշեն։ Նրանք հյուրընկալվել էին Արմֆոն սմարթֆոնն արտադրող հայկական «Թի-Էս-Դի» դայնըմիքս ընկերությունում։ Դպրոցականները ներկա եղան սմարթ սարքերի ստեղծման գործընթացին, անգամ իրենք գործի մեջ մտան։ «Մերգելյան ջունիոր» ծրագրի շրջանակում տասնյակ դպրոցների սաներ արդեն իսկ այցելել են տեխնոլոգիական կենտրոն։ «Թի-Էս-Դի» դայնըմիքս ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նշում է. «Երբ որ երեխաները գալիս են իրենք մի փոքր կաշկանդվածություն ունեն, հետո կամաց-կամաց այդ միջավայրին հարմարվում են, հետո այդ միջավայրն սկսում է իրենց դուր գալ, հետո իրենք դառնում են այդ միջավայրի մի մասը»։ Ապագայում ընկերությունը նախատեսում է ունենալ խաղային-արտադրական սխեմաներ, որտեղ երեխաները կտան իդեաներ ու կփորձեն դրանք իրականացնել մասնագետների օգնությամբ։ Այսօր ՏիԷսԴի դայնըմիքս ընկերություն այցելած երեխաները մասնակցեցին ծրագրավորման, անիմացիայի դասընթացների։ Լևոն Գալստյանը երեխաների ու տեխնոլոգիական աշխարհի շփումները հատկապես կարևորում է։ Չի բացառվում, որ այստեղ այցելող երեխաներն ինչ-որ մի օր համալրեն իրենց կադրային ռեզերվը։ «Այսօր երեխան իրականությունից փոքր-ինչ կտրված է մեծանում, ինքը պատկերացում չունի Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերի, այդ թվում՝ տեխնոլոգիական աշխարհի մասին։ Մեր նպատակն է, որ իրենք մասնագիտություն ընտրելիս հասկանան, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, դրանք հեռանկարային մասնագիտություններ են»։ «Թի-Էս-Դի»  դայնըմիքս ընկերությունում աշխատակիցները հիմնականում տեխնոլոգիական կրթություն ունեցող երիտասարդներ են։ Եղել են նաև որոշները, ովքեր սովորել են դպրոցում և զուգահեռ նաև աշխատել կենտրոնում։