Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարեկի ամենասիրելի ուտեստը հնդկաձավարն է. սնունդ՝ երեխաներին

Հասարակություն
cfa7630ead1d1db3a2b915d2bb36dfcf

Բերդավանցի Նարեկի ամենասիրելի ուտեստը հնդկաձավարն է, ասում է՝ պատրաստ է ամեն օր դրանից ճաշակել։ Ատամնակայանում ձեռքերը լվանալուց հետո շտապում է զբաղեցնել նոր, մեծ ու լուսավոր ճաշարանի իր տեղը, համեղ սնվելուց ու թեյելուց հետո էլ կրկին վազում է լվացարանի մոտ՝ ատամները մաքրելու։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ջանքերով Արագածոտնի մարզի Արտենիի հիմնական դպրոցում և Տավուշի մարզի Բերդավան ու Զորական գյուղերի կրթօջախներում բացվեցին դպրոցական ճաշարաններն ու ատամնակայանները։ «Փոքրիկները համեղ ու օգտակար սնունդ են ստանում, սովորում են միասին ճաշել ու ճիշտ գործածել սպասքի պարագաները։ Նրանք նաև կարողանում են ճիշտ լվանալ ատամները ուտելուց հետո»,- ուրախությամբ նշեց Արտենիի հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Միրաքյանը։ Վերանորոգման ու կահավորման աշխատանքները կատարել է Հիմնադրամը, տեխնիկական հագեցվածության հարցը համատեղ լուծել են Արտենիում՝ Հիմնադրամը, իսկ Տավուշում՝ «Սոցիալական և արդյունաբերական սննդի ծառայության ինստիտուտ» միջազգային կազմակերպությունը։ Վերջինիս հետ COAF-ը համագործակցության հուշագիր է ստորագրել, որը թույլ կտա Հիմնադրամի շահառու այլ գյուղերում ևս վերազինել ճաշարաններ։ COAF-ի Առողջապահական ենթածրագրի ղեկավար Լուսինե Անտոնյանը նշեց. «Դպրոցական ճաշարանների հիմնանորոգման ծրագրով շարունակելու ենք աշխատել Տավուշի մարզում և ընդգրկելու ենք Շիրակի մարզը ևս։ Հուշագրի շրջանակներում սպասվում են նաև խոհարարների վերապատրաստումներ ու հատուկ դասընթացներ»։ Բոլոր երեք դպրոցներում սննդի տրամադրումը Հայաստանի մանուկներ հիմնադրամն իրագործում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ։ Վերանորոգված և վերազինված ճաշարանները ծառայելու են շուրջ 200 տարրական դպրոցականի՝ տրամադրելով առողջ, թարմ ու տաք սնունդ ամեն օր։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանն ընդգծեց երեխաներին ամենօրյա հիմունքներով առողջ սննդի կազմակերպման հարցը. «Մեզ համար կրթությունը միայն դասասենյակում երեխայի զբաղվածությունը չէ։ Կրթությունը համալիր է, որ վերաբերում է և՛ երեխայի առողջ հոգեբանությանը, և՛ արտադասարանային զբաղվածությանը, և՛ սննդին... Ու թեև այսօր մենք հնարավորություն ունենք միայն տարրական դպրոցներին առողջ սննդի հարցում ձեռք մեկնելու, այնուհանդերձ, հավատացած ենք, որ դպրոցական ճաշարանները պետք է ծառայեն բլոր երեխաներին»։   Մինչ օրս Հայաստանի մանուկներ հիմնադրամի ջանքերով Հայաստանի 4 մարզերում ստեղծվել է դպրոցական 17 ճաշարան և 18 ատամնակայան։   Ճաշարանների բացման արարողությունը համայնքներում տոնի էր վերածվել։ Դպրոցներում շրջայցից հետո դպրոցականները երգ ու պարով և ողջույնի փոքրիկ ելույթներով դիմավորեցին հյուրերին, իսկ Բերդավանը սպորտլանդիայի հրավիրեց հարևան Արճիս գյուղին՝ ուժերը չափելու արագության ու նշանառության մրցումներում։ Խաղը թեժ էր ու աղմկոտ, իսկ արդյունքը՝ եղբայրական՝ ոչ-ոքի։   *  *  * Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները: 2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: