Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դխկդխկում էինք». Զբոսաշրջիկը քիչ էր մնում նախարարի մոտ գնար (տեսանյութ)

Հասարակություն
biker

   Անգլիացի  Պոլ  Նութալը մաքրում է  մոտոցիկլետը վաղվա ճամփորդությունից առաջ։  Երեւանը հերթական կանգառն է 19 ճանապարհորդի համար, որոնք Մեծ Բրիտանիայից  հասնելու են Հեռավոր Արեւելք։   Խմբում բոլորը անգլիացիներ չեն, պարզապես Լոնդոնը դարձել է այն կետը, որտեղ հավաքվել են ճամփորդության այս տեսակի սիրահարները։ Ամենատարեցը 74-ամյա կանադացի է, կան բայքերներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից։ Վերջնակետն էլ տարբեր է լինելու.մի մասը հասնելու է Պեկին, մյուս մասը՝ Տոկիո։ Պոլ Նութալի եւ նրա կնոջ համար  ճամփորդությունն ավարտվելու է Ղազախստանում։  Նրանց վեցշաբաթյա արձակուրդն արդեն կիսվել է։  Ճանապարհորդները պրոֆեսիոնալ բայքերներ չեն։ «Մի տեղից մյուս տեղը հասնելն է միավորում մեզ։ Սա հոբբի է»,- ասում է նա։ Հայաստան մտնելուն պես Նութալը սկսել է կասկածել իր, ինչպես նաեւ կնոջ  մոտոցիկլետի ամրությանը, կհաղթահարեն արդյո՞ք  ճանապարհի փոսերը։ «Դուք ունե՞ք ճանապարհ. սարսափելի էր։  Դխկդխկում էինք ... Ուղիղ ուզում էինք գնալ Տրանսպորտի նախարարություն.... Դե, իհարկե,  կատակ է, չգնացինք»,-Ճանապարհների վերաբերյալ հարցին այսպես է պատասխանում նա։ Առաջին անգամ Հայաստանում գտնվողի տպավորությունները հակասական են։ Իր բառերով՝ Հայաստանի հյուսիսի աղքատությունն ու Երեւանի թանկությունը չեն համապատախանում իրար։ Ինչպե՞ս է դա հնարավոր։   Երկու  օրում հասցրել են լինել Երեւանի տեսարժան վայրերում, հույս ունեն մինչեւ սահման հասնելը   փոքր-ինչ էլ ծանոթանալ Հայաստանին։  «Բայց մենք չկարողացանք հասկանալ՝ որն է Հայաստանը,  իրական Հայաստանը, հայկական ուտեստները։  Երեւանի կենտրոնը կարծես Իտալիան լինի։  Պիցա , պաստա, սպագետի...»,- բացատրում է  նա։  Վերջնակետին հասնելու համար ճանապարհորդները Վրաստանից պետք է անցնեն Ադրբեջան։ Հուսով են,որ այնտեղ խնդիրներ չեն ունենա՝ Հայաստանում լինելու պատճառով։ Բայց դե բոլոր դեպքերում, ինչպես կես կատակ-կես լուրջ  ասում է Պոլ  Նութալը,  մինչ ճանապարհորդության ավարտը մոտոցիկլետի վրա չեն փակցնի Հայաստանը խորհրդանշող պիտակը։