Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ տվեք ստվերի դեմ պայքարեմ ստվերում. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Տնտեսություն
1-7

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը դժվարանում է գնահատել այն մարդկանց ցինիզմը, որոնք ադրբեջանական խնձորները ներմուծել էին հենց ադրբեջանական փաթեթավորման արկղերով։ Հիմա արդեն Վարդան Հարությունյանը կարող է ասել, թե ինչպես պատահեց, որ սահմանին բացահայտվեց Սամվել Բաբայանին վերագրվող «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը, սակայն ադրբեջանական խնձորները անարգել մտան Հայաստան. «Խնձորը չի նկատվել, որովհետեւ, ասեցի, կաշառք են տվել»: Ամենակարեւորը, ըստ Հայաստանի գլխավոր մաքսավորի, որ այդ ապօրինությունը բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ եւ նույնիսկ մեղավորների շրջանակն է հայտնի. «Ես մեր մեղքի բաժինը զգում եմ»: Հարությունյանն ուզում է, որ լրագրողները գնահատեն, որ քաղաքացիների ջանքերով բացահայտվել է ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրումը, մինդեռ լրագրողները ուզում են տեղեկանալ, թե ՊԵԿ-ում ինչ պաշտոններ են զբաղեցրել կաշառքով ներմուծումը թույլ տված մաքսավորները. «Էսքան դրականի մեջ գտել եք մի հատ սեւ կետ, ուզում եք սեւացնե՞ք: Սեւացրեք, խնդիր չկա»: Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ պայքարելու է իր համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ, արդեն իսկ ստվերի դեմ պայքարում նա արձանագրել է ձեռքեբերումներ. «2016 թվականի դեկտեմբերի վերջին մեր հանդիպմանը հնչեցրի, որ խոշոր հարկ վճարողների մոտ ստվերի գնահատումը կազմում է մոտ 48 տոկոս: Այժմ ես կարող եմ վստահեցնել, որ այդ թիվն իջել է, մասնավորապես մարտ ամսին այն կազմել է 33,2 տոկոս»: Վարդան Հարությունյանը Պետական եկամուտների կոմիտեի է եկել Հայաստանի ամենախոշոր հարկ վճարող հիմնարկից՝ Գազպրոմ Արմենիայից, որի գլխավոր տնօրենն էր: Այնտեղ ստվերը զրո է, վստահեցնում է ՊԵԿ-ի ղեկավարը: Ովքե՞ր են մյուս խոշորները, որոնք երկար տարիներ թալանել են պետությունը. «Թույլ տվեք ես էդ հարցին չպատասխանեմ եւ ստվերի դեմ պայքարեմ ստվերում»: Ի դեպ, Վարդան Հարությունյանը չի հերքում, որ խոշոր հարկ վճարող Սամվել Ալեքսանյանի հարկային ցուցանիշները բարելավվել են ոչ թե ստվերից դուրս գալով, այլ շաքարավազի գինը 15 տոկոս բարձրացնելով. «Եթե գինը ավելացել ա, էդ գնից վճարվող հարկերը, բնական ա, մեծ պիտի լինեն ավելի, քան նախորդ տարի»: