Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կազմեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
coalition-2

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: coalition (1)   ՀՈՒՇԱԳԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ - վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը, - հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները, - համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը, - կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը, - առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը, - նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝ ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար: 1. Համագործակցության ռազմավարական նպատակները 1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը: 1.2. Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն: 1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ: 1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը: 1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը: 1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով: 1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը: 2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները 2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը: 2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ: 2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը: 2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը: 2.5. Ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը: 2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը: 3. Քաղաքական կոալիցիայի գործունեության և կազմակերպման կարգը 3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը: 3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ: 3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջև բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: 3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին: 3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն: 3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն: 3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են. 3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ: Համախոհություն չձևավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում: 3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց: 3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձևավորվել նաև մարզային խորհուրդներ: 3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից: 3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:   Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյան   Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյան