Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «Աղքատներն» ընդդեմ «հարուստների»

Սպորտ
sport-real

Այսօր հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի երկրորդ մասնակիցը: Նշենք, որ առաջինն այդ իրավունքը նվաճել է Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը», որը կիսաեզրափակիչ փուլում երկու խաղերի արդյունքով հաղթեց Ֆրանսիայի առաջնության մասնակից «Մոնակոյին» (2:0, 2:1): Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Մադրիդի առաջատար երկու ակումբները՝ «Ռեալն» ու «Աթլետիկոն»: Մեկ շաբաթ առաջ կայացած կիսաեզրափակիչ առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է թագավորական ակումբը: Չնայած այդ հանգամանքին, «Աթլետիկոյի» երկրպագուները դեռեւս հավատում են ռեւանշի: Համենայնդեպս, նրանք հույս ունեն, որ իրենց սիրելիները գեղեցիկ ձեւով  հրաժեշտ կտան լիգային՝ հաղթելով սկզբունքային մրցակցին: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խաղից առաջ ասել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում «Աթլետիկոյին», չնայած վերջինիս երկրպագուներն իրենց անվանում են «Բեւեռլի Հիլզի զավակներ»: «Շատերին թվում է, որ մենք ծնված օրից հարուստ ենք եղել, բայց դա այդպես չէ: Մեր խաղացողների մեծ մասը ծնվել եւ ապրել են սովորական թաղամասերում, որտեղ տարբեր են արժեքներն ու դաստիարակությունը, քան Բեւեռլի Հիլզում է: Ճիշտ է, «Աթլետիկոն» շանս ունի եզրափակիչ մտնելու, բայց առաջին խաղից հետո մեր հնարավորություններն ավելի գերադասելի են», - նշել է «Ռեալի» կենտրոնական պաշտպանը: Հավելենք, որ բուքմեյքերները կրկին ավելի շատ հավատում են «Ռեալի» (2.62 գործակից), քան՝ «Աթլետիկոյի» (2.71) հաղթանակին: