Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշքշո՞ց, թե՞ ծեծկռտուք.  5 փաստաբան ճանաչվել է տուժող (տեսանյութ)

Հասարակություն
pastaban

Հինգ փաստաբան ճանաչվել  է տուժող  ապրիլի 27-ի վիճաբանությունից հետո։ Չնայած նրանցից յուրաքանչյուրը համարում  է, որ  գործի բերումով հակառակ ճակատում հայտնվածին  պետք է մեղադրանք առաջադրվի։  «Ծնոտը ջարդած մարդը հանգիստ դուրս չի գալիս գրասենյակից ժպտալով եւ 4 ժամ հետո ծայրամասային հիվանդանոց չի դիմում, եթե դեպքը տեղի է ունեցել Կենտրոնում»,- ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:   Ըստ գործի նյութերի՝ փաստաբան Արսեն Հարությունյանը կոտրվածք է ստացել: «Ես շատ կուզենայի հարվածած լինեի:  Եթե ես նորմալ վիճակում լինեի, այլ ոչ թե հանկարծակիի եկած լինեի, իրականում նրանք  ձեւական վնասվածքներ կունենային»,- ավելացրեց Արմեն Սողոմոնյանը:  Արմեն Սողոմոնյանը Տիգրան Աթանեսյանի գրասենյակում  է եղել, երբ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը  եւ  Վրեժ Խաչիկյանը եկել են ՝ ֆեյսբուքյան գրառման առիթով պարզաբանում ստանալու: Դեպքից մոտ 10 օր անց Արմեն Սողոմոնյանը դեռ դժգոհում է ինքնազգացողությունից։«Ասեմ դրական է առողջական վիճակս՝ ոչ: Սրտխառնոցներ եւ գլխացավեր ունեմ»: Անկախ դեպքերի զարգացումից ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասում է , որ ինքն ուներ ինքնապաշտպանության իրավունք, երբ այլ անձինք ապօրինի կերպով մուտք են գործել իր գրասենյակ եւ հարձակվել իրենց վրա։ «Իմ գրասենյակ, նույնը իմ բնակարան, ապօրինի մուտք գործող եւ բռնության փորձ անգամ կատարող անձանց իրավունք ունեմ գնահատել ցանկացած վնաս՝ ընդհուպ մինչեւ մահ: Հետեւաբար իրենց խոսքերը էժանագին փորձ են արդարանալու կամ ինչ -որ մի ձեւ իրենց պաշտպանելու»,- ասում է Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը չցանկացավ արձագանքել, քանի որ նախաքննություն է ընթանում: Միայն նշեց՝ դեպքը տեղի է ունեցել այնպես, ինչպես իրենք են ներկայացնում, այսինքն՝ չի  եղել  ծեծկռտուք, այլ միայն քաշքշոց։