Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանը հրաժարվում է հանրային պաշտպանից (տեսանյութ)

Հասարակություն
xandoyan

 Ոստիկանության  ՊՊԾ  գնդի գրավմանը հաջորդած Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ: «Ես չեմ ուզում, ես ունեմ պաշտպան, եթե ձեզ ա պետք, թող ձեզ պաշտպանի»,- դիմելով  դատավոր Մնացական Մարտիրոսյանին ասաց Արարատ Խանդոյանը: Դատական  նախորդ նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը  Խանդոյանին հեռացրել էր նիստերի դահլիճից։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը որոշել էր չմասնակցել  նիստին առանց իր պաշտպանյալի։ Այդ  քայլը զայրացրել էր դատավորին, որը որոշում էր կայացրել դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝  գործում նոր պաշտպան ներգրավվելու նպատակով։ «Պաշտպանությունը կստանձնեմ վերջինիս կողմից համաձայնությունը լինելու դեպքում: Այս պարագայում չեմ կարող մասնակցել:  Որեւէ դատավարական գործողության չեմ կարող մասնակցել, քանի որ պաշտպանի կարգավիճակ չունեմ»,- ասաց հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը:   Դատարանում այսօր  պարզվեց, որ  Արարատ Խանդոյանը դիմել է   նաեւ հանրային պաշտպանի գրասենյակ, որ  հրաժարվում է նրանց  ծառայություններից. «Իմ ներկայությունն այստեղ կկրի ձեւական բնույթ, ես որեւիցե կերպ չեմ կարող իրականացնել պաշտպանություն»,- ավելացրեց փաստաբանը:  Պաշտպանի հարցը քննարկելուց հետո Արարատ Խանդոյանին դատավորի կարգադրությամբ հեռացրեցին նիստերի դահլիճից, քանի որ  դատական սանկցիան դեռ ուժի մեջ է։ Դատավորը որոշեց Լիանա Գասպարյանին այս գործով  ներգրավել որպես  պաշտպան: «Դա ձեր միակողմանի, միանձնյա որոշումն է»,- ասաց պաշտպանը:    Դատական նիստը կշարունակվի մայիսի 18-ին: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Արայիկ Խանդոյանի, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի 13 անդամների գործով նախաքննությունն արդեն ավարտվել է: Գործը ուղարկվել է դատախազին՝  մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ այն դատարան ուղարկելու համար: