Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ գրասենյակի փակումը վատ նախադեպ է»

Քաղաքականություն
eahk

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ  երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը: Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական գործընթացների  կայացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այս առումով Պլատֆորմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանն ու աշխատակազմին` բեղմնավոր աշխատանքի եւ  արդյունավետ համագործակցության համար: Այն, որ առաքելության գործունեության դադարեցումը պայմանավորված չէ օբյեկտիվ որեւէ հանգամանքով, հակասում է ինչպես հենց ԵԱՀԿ-ի, այնպես էլ ընդունող երկրի, հայ հասարակության ցանկությանը,  եւ բացառապես արդյունք է Կազմակերպության անդամ մեկ երկրի` Ադրբեջանի ապակառուցողական քայլի, չի կարող ընկալվել այլ կերպ, քան վրդովմունքն է: Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունները, դառնալով միջազգային կառույցների անդամներ, սակայն չկիսելով տվյալ քաղաքական միջավայրում ընդունված արժեքային համակարգը եւ վարքային նորմերը, խոչընդոտում են այդ կառույցների աշխատանքին թե՛ իրենց երկրներում, թե՛ այլուր: Նախորդ տարիներին ԵԱՀԿ-ի նկատմամբ այդօրինակ ընդդիմագործության արդյունքում փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Թբիլիսիում (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ) եւ Բաքվում (հենց իր` Ադրբեջանի նախաձեռնությամբ), իսկ հիմա արդեն` Հարավային Կովկասի երրորդ երկրում: Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից որեւէ կերպ չհիմնավորված վետոյի իրավունքի կիրառումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նկատմամբ, որը դարձել է վերջինիս գործունեության դադարեցման պատճառ: Մենք սա համարում ենք չափազանց վտանգավոր եւ միջազգային համագործակցությանը վնաս հասցնող նախադեպ: Հայաստանի Հանրապետության իշխանություններից, պետական բոլոր կառույցներից մենք ակնկալում ենք առավել մեծ հետաքրքրվածություն ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագրերի իրագործման եւ այդ հեղինակավոր կազմակերպության հանդեպ ստանձնած քաղաքական բոլոր պարտավորությունների կատարման հարցում: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ Եվրոպայի եւ նրա ոլորտային բոլոր կառույցներին, չնայած երեւանյան գրասենյակի փակմանը, երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն Հայաստանում եւ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում այդ կառույցի լիարժեք ներկայությունը վերականգնելու համար: Կարծում ենք, որ փոխըմբռնման եւ վստահության վրա հիմնված աշխարհակարգի հաստատման վերաբերյալ վերջին տարիներին հետադիմական ուժերի մարտահրավերների առկայության համատեքստում առավել քան կարեւոր է կառուցողական մոտեցումների ակտիվ գործադրումը: Այն պետությունները, որոնց քաղաքականությունն ակնհայտորեն տարբերվում է միջազգային այս կամ այն ինստիտուտի դավանած սկզբունքներից, չպետք է ունենան որոշիչ ձայնի իրավունք, առնվազն` այլ երկրներում այդ ինստիտուտների գործունեության նկատմամբ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումն այդ հարցում լավ դաս կհանդիսանա` վերջնականապես համոզվելու համար, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու համար: