Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է 18-ամյա Մբապեն ցանկանում գոլ խփել 39-ամյա Բուֆոնին

Սպորտ
sport-liga

Այսօր հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը: Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում իր հարկի տակ կընդունի Ֆրանսիայի առաջնության ներկայիս առաջատար «Մոնակոյին»: Վեց օր առաջ Միջերկրական ծովի ափին կայացած առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթանակ են տոնել թուրինցի ֆուտբոլիստները: Մասնագետները կարծում են, որ «Յուվենթուսը» խնդիրներ չի ունենա եզրափակիչ մտնելու ճանապարհին: Սակայն այդ հարցի մասին բոլորովին այլ տեսակետ ունի «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն: «Յուվենթուսը» մեծ ակումբ է, իսկ ներկայիս թիմը բավական ուժեղ է, որը պայքարից դուրս է բերել անգամ «Բարսելոնային»: Բայց մենք նույնպես բարձրակարգ թիմ ենք եւ ամեն ինչ կանենք եզրափակիչ մտնելու համար: Ինչ վերաբերում է Բուֆոնին, ապա աշխարհի ուժեղագույն դարպասապահի դեմ խաղալն արդեն մեծ նվաճում է: Նման դեպքերում ավելի շատ ես ցանկանում գոլ խփել», - ասել է տաղանդաշատ պատանի ֆուտբոլիստը: «1998 թվականին, երբ ես առաջին անգամ մասնակցում էի աշխարհի առաջնությանը, Մբապեն նոր ծնվել է: Միշտ էլ հետաքրքիր է խաղալ ապագա Մեսիների եւ Ռոնալդուների դեմ: Մբապեն շատ տաղանդաշատ ֆուտբոլիստ է: Նրան ցանկանում են աստղային կարիերա», - այսօր կայանալիք խաղից առաջ ասել է «Յուվենթուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը: 39-ամյա դարպասապահը նպատակ է դրել առաջին անգամ հաղթել լիգայի չեմպիոնների մրցաշարում, իսկ 2018 թվականին մասնակցել իր թվով 6-րդ աշխարհի առաջնությանը: