Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդները սկսել են պատրաստվել աշխարհի առաջնությանը

Սպորտ
sport-shtanga

Ծանրամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների տղամարդկանց եւ կանանց հավաքականները ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում ուկրաինական Կամենեց Պոդոլսկ քաղաքում: Գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի եւ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ դրան մասնակցում է 16 հոգի՝ 12 ծանրորդ եւ 4 ծանրորդուհի: Նրանք նախապատրաստվում են այս տարվա գլխավոր 4 մրցումներին:  Հունիսի 15-23-ը Տոկիոյում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը: Օգոստոսի 19-25-ը մեր ուսանող ծանրորդները ուժերը կստուգեն Տայպեյում կայանալիք համաշխարհային ամառային ունիվերսիադայում: Հաջորդ մրցաշարը նախատեսված է հոկտեմբերի 15-23-ը, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որտեղ կկայանա մինչեւ 20 եւ 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունները: Տարվա ամենագլխավոր ստուգատեսը՝ աշխարհի մեծահասակների առաջնությունը, տեղի կունենա նոյեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը, ամերիկյան Անահայմ քաղաքում: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությանը մեր թիմը մասնակցելու է 4 ծանրորդով: Նրանք են՝ Սիմոն Մարտիրոսյանը, Սամվել Գասպարյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը: Հավելենք, որ ուկրաինական այդ քաղաքում երկու տարի առաջ բացվել է ծանրամարտի կենտրոն, որտեղ կա երկու մարզումային դահլիճ, 36 տեղանոց հյուրանոց, ճաշարան, վերականգնողական կենտրոն: