Շուշիի ազատագրման տոնը՝ առանց ազատագրողների (տեսանյութ)
«Մեր հայրենի աշխարհի ամեն մի հատվածի համար իրոք արժի կյանք զոհել, Արցախի հորովելի համար միայն արժի գնալ մեծ զոհողությունների»,- 5 տարի առաջ, երբ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ էր, Շուշիի ազատագրման մասին այսպես էր արտահայտվում։ Շուշիի ազատագրման 25-ամյակի տոնակատարություններն անցնում են առանց այն ազատագրողների։ Կալանավորված են Ժիրայր Սեֆիլյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Սամվել Բաբայանը։ «Իշխանությունը տիրացածների կողմից նրանք ոչ միայն չեն գնահատվել, այլև հալածվել են։ Հողն, այո, ազատագրվեց, բայց երկիրն ամբողջական իմաստով չի ազատագրվել։ Եվ դրա զոհն է այսօր Ժիրայրը՝ իր ընկերներով»,- ասում է «Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակը 4 ուժերից մեկի կազմում էր, որ ազատագրում էր քաղաքը։ Հիմնականում սփյուռաքահայերով համալրված Շուշիի առանձնակի գումարտակը զենքը վայր չի դնում բերդաքաղաքի ազատագրումից հետո էլ. «Ադրբեջանի հետ սահման չունենալու հետևանքով Շուշիի պաշտպանության խնդիր չկար, Շուշիի առանձնակի գումարտակը ստանում էր հրամաններ՝ մասնակցելով ազատագրական կռիվներին»։ «Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը բանտարկվեց քառօրյա պատերազմից հետո, ինչը Ալեք Ենիգոմշյանը պատահական չի համարում։ Ընդդիմադիր գործիչը բացեիբաց հայտարարել էր 800 հեկտարի կորուստը՝ մեղադրելով իշխանությանը։ Ալեք Ենիգոմշյանն այսպես է մեկնաբանում. «Ինքն այն անձն էր, որը երբեք չէր վերահսկվում։ Եվ ոչ միայն քառօրյայի, այլ ընդհանրապես՝ ճշմարտությունը ասելու և այլոց հովանոցի տակ չմտնելու պատճառով է, որ Ժիրայրը և իր ընկերները հալածվում են, բանտարկված են»։ 2016թ. հունիսից Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է երկու անձի ցուցմունքի հիման վրա։ Նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, շինություններ գրավել ցանկանալու մեջ։ «Բարոյական և քաղաքական առումներով, այս դատավարությունները ոչ թե լինելու են Ժիրայրի և ընկերների դատավարություն, այլ այս վարչախմբի, իշխանությունների դատավարությունը»,- ասում է Ալեք Ենիգոմշյանը։ Գործն արդեն ուղարկվել է դատարան։ Եթե Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ առավելագույն պատիժ սահմանվի, նրան սպառնում է մինչեւ 18 տարվա ազատազրկում։