Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց կյանքի նպատակն էր, որ ՀԱԿ-ն ԱԺ-ում չհայտնվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր Հաղթանակի զբոսայգում էր՝ ծաղիկներ ու ծաղկեպսակ դնելու անմար կրակի մոտ: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր եկել: Եռատոնի առիթով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ սա մեծ ու լուրջ տոն է. «Միմյանց շնորհավորելով՝ չպետք է մոռանալ, որ ցանկացած գործում, հատկապես ազգային հարցերում հաղթանակ ձեռք բերելու համար կարեւոր են համառությունը, սկզբունքայնությունը, վճռականությունը եւ մեր նվիրվածությունը սեփական ժողովրդին, սկզբունքներին եւ մեր հավատին»: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ անգամ իշխանություններն են ափսոսանք հայտնում, որ ՀԱԿ-ն այլեւս ԱԺ-ում չէ, Լեւոն Զուրաբյանը  դա ընդամենը համարեց կոկորդիլոսի արցունքներ. «Իրենք շատ էլ գոհ են, իրենց կյանքի իմաստն ու նպատակն էր, որ ՀԱԿ-ը հանկարծ ԱԺ-ում չհայտնվի, եւ իրենց նպատակին հասան: Սակայն ի՞նչ գնով՝ ընտրակեղծարարության գնով, սակայն պարտությունը ընտրակեղծարարության գնով ես չեմ համարում ինչ-որ մի կորուստ՝ դա իրականում պարտություն չէ: Այ, մաքուր ընտրություններով մրցակցենք, տեսնենք՝ իրենցից ինչ է մնում: Եվ այդ օրը կգա, երբ մենք մաքուր ընտրություններում, արդար պայքարում իրենցից բան չենք թողնի, իրենք կջախջախվեն»: Առաջիկա իրենց անելիքների հետ կապված Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենց օրակարգը մնում է նույնը՝ իրենք հասնելու են նպատակին. «Մենք թույլ չենք տա, որ մեր ժողովուրդը մնա թաղված կոռուպցիայի մեջ, երբ արդարադատության բոլոր սկզբունքները քայքայված են, երբ մարդիկ պետական ինստիուտների նկատմամբ կորցրել են հավատն ու արտագաղթում են»: Արդյոք կհետեւե՞ն նաեւ նոր ԱԺ աշխատանքներին, ի պատասխան նա աասաց. «Եթե հետեւելու բան լինի, կհետեւենք»: Կողքից լսվեցին ծափահարություններ: