Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մշակույթ
3s

 «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն այսօր հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այն կազմակերպել էր Ուկրաինայի հայերի միությունը: Հանդիպման ընթացքում Արծվիկն իր հայրենակիցներին պատմեց, թե ինչպես է որոշում կայացրել մասնակցել «Դեպի եվրատեսիլ» նախագծին, ինչի արդյունքում հաղթել է եւ այսօր հնարավորություն ունի Հայաստանը եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել եվրատեսիլյան բեմում: «Արդեն հաշված օրեր են մնացել ելույթիս եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ մրցութային երգի կատարմանը եւ Հայաստան անունը հնչեցնելուն»,- նշեց նա` կոչ անելով բոլորին հետեւել իրենց երազանքներին, քանի որ  երբ շատ հավատում ես ու ջանք դնում, դրանք անպայման իրականություն են դառնում: 2zԱրծվիկը հանդիպման ընթացքում նաեւ նշեց, որ մրցութային “Fly with me”-ն բոլորին ուղղված ճախրելու կոչ է եւ որ սերը մեկն է բոլորի համար: «Ես եվրատեսիլյան բեմից հղելու եմ այդ կարեւոր գաղափարախոսությունը, որն ընկած է երգիս հիմքում: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եւ ձեր բարեմաղթանքներով աջակցում եք ինձ»,- նշեց նա: Արծվիկը Ուկրաինայի հայերի միության կողմից արժանացավ պատվոգրի` հայկական մշակույթը հանրահռչակելու եւ լավագույնս տարածելու համար: «Եվրատեսիլ-2017» -ի Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգը, ով ազգությամբ հայ է, եւս մեծ ոգեւորությամբ մասնակցեց հայ համայնքի հետ հանդիպմանը եւ հայտնեց իր մեծ երկրպագումը հայաստանյան ներկայացուցչի երգի եւ բեմականացման նկատմամբ: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ Արծվիկի սոցիալական պաշտոնական էջերում՝ Facebook -  https://www.facebook.com/ArmeniaInEurovision Instagram - https://www.instagram.com/armenia_in_eurovision Twitter - https://twitter.com/Armenia_In_ESC