Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանի հաղթական մեկնարկը Եվրոպայում 

Սպորտ
sport-1

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Մրցումների առաջին օրը հարաբերությունները կպարզեն չորս քաշային կարգերի ըմբիշները: 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, վստահ սկսեց ելույթները նոր տարում: Մեր ըմբիշը նախնական փուլում 4:0 հաշվով հաղթեց լիտվացի Վիլյուս Լաուրինատիսին: Հաջորդ մենամարտում Արթուր Ալեքսանյանը առավելության հասավ Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի նկատմամբ՝ 5:1: Քառորդ եզրափակիչում նա ուժերը կչափի նորվեգացի Ֆելիքս Բալդուֆի հետ: Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին: 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Թալեխ Մամեդովին՝ 2:3: Կարեն Ասլանյանը, որը հանդես եկավ 66 կգ քաշում, առաջին իսկ մարտում 1:3 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Ատական Յուկսելին: Մեր ծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը 1/8 եզրափակիչում հաղթեց հունացի Նիկոլաս Լեոնին, սակայն հաջորդ փուլում տանուլ տվեց հունգարացի Բալինթ Լամին: Նրանք կարող են պայքարել միայն բրոնզե մեդալների համար, եթե, իհարկե, մրցակիցները հասնեն եզրափակիչ: