Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը ձգձգում է զինծառայողների բուժումն արտերկրում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zinvor

Պետությունը ձգձգում է ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում։ Պայմանագրային զինծառայող Հայկ Սեխլիյանը վիրավորվել է Թալիշի համար մարտերում, իսկ Դանիել Դավթյանը գլխի բեկորային վնասվածք ստացել է Մատաղիսում։ Զինծառայողները երկուսն էլ չեն աշխատում և ամբողջ հոգսն ընտանիքների վրա է. «Ճիշտ է, պետությունն էսօր աջակցում է վերականգնողական հարցերում, բայց մեջը շատ հարցեր կան, որ ուշադրություն չեն դարձնում։ Կարելի է ասել՝ բաց են թողել, ես ապրում եմ Աջափնյակ համայնքում, բայց բուժում ստանում եմ Առաջին հիվանդանոցում։ Գնալ-գալու խնդիրները  արդեն մեծ խնդիր է առաջացնում»,- ասում է Հայկ Սեխլիյանը։ Նրա խոսքով՝ իրենք պետությունից դրամական որևէ աջակցություն չեն խնդրում. առաջնային է առողջության վերականգնումը։ Զինծառայողներին ասել են, որ քննարկվում է իրենց արտերկիր տանելու հարցը, բայց մինչ օրս պատասխան չկա. «Ես պետությունից ոչ մի բան չեմ սպասում, ես չեմ գնացել կռիվ, որ պետությունն ինձ ինչ-որ բանով օգնի։ Պետությունից մեր միակ խնդրանքը, որ ուշադրություն դարձվի, ուղարկեն բուժումների կամ ժամանակին վիրահատություններն արվեն»։ Դանիել Դավթյանը, ինչպես Հայկը, բուժման կուրսեր անցնում է պետության հաշվին. «Շատ լավ աջակցում են նաև բարերաները, պետությունն էլ՝ ինչով կարողանում է»։ Դանիելի գլխուղեղին դեռ բեկորներ կան, խոսակցություններ են եղել տանել արտերկիր, բայց պատերազմից մեկ տարի անց էլ նորություն չկա. «Ըստ հետազոտությունների՝ այստեղ կարող են բուժել, բայց դուրս տանելու կարիք կա»։ Հայկ Սեխլիյանի վստահեցմամբ՝ քիչ չեն դեպքերը, երբ առողջ զինվորները ծառայության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել, ու այսօր սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել. «Մարդիկ կան, որ գնացել են քառօրյա դեպքերի ժամանակ վիրավորվել են, բայց այսօր աշխատանքը կորցրել են։ Պետությունը առաջին կարգի հաշմանդամներին տրամադրում է 93 000 դրամ թոշակ, բայց էդ մարդն ամուսնացած է, ընտանիք ունի, ինչպե՞ս լուծի կենցաղային հարցերը»։ Զինծառայողները հույս ունեն, որ պետությունն ականջալուր կլինի բարձրաձայնմանը, և բուժումն արտերկում շուտափույթ կկազմակերպվի։