Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսպորտային խնդիրների լուծման մասին խոսողները ստում  են» (տեսանյութ)

Հասարակություն
tra

Երբ իշխանությունները եւ ընդդիմադիրները խոսում են տրանսպորտային խնդիրների լուծման մասին, սուտ են խոսում. այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ իշխանությունները գիտակցված են ստում, իսկ ընդդիմադիրները փոխադրողների հետ չշփվելով՝ չեն տիրապետում իրական խնդիրներիին: «Իշխանությունները բազմաթիվ գրանտներ են լափել, կանչել են ինչ-որ թափթփուկների, որոնք տրանսպորտի գինը որոշել են  300 դրամ, այնինչ վարորդները 50 դրամ էին առաջարկում բարձրացնել: Հիմա խոսում են Ազգային օպերատորից, միլիոնավոր դոլարներից, որպեսզի ոլորտը փոփոխեն, սակայն  բոլորը խոսում են միայն փող կորզելու նպատակով: Բայց նորից ոչինչ չեն փոխելու, նորից  բոլորին քցելու են»: «ՀՀ փոխադրողների միության նախագահ» Հրանտ Եղիազարյանի կարծիքով, անկախ նրանից, թե ով կլինի այդ ազգային օպերատորը, միեւնույն է, ուղեվարձը որոշվելու է քաղաքապետարանում, իսկ քաղաքապետը հայտարարում է, որ ուղեվարձի բարձրացում չի լինելու: Նրա դիտարկմամբ, չստացվեց ոլորտը բարելավել, քանի որ գործող երթուղիները շահութաբեր չեն կարող լինել: «Գոյություն ունի միջին փոխադրման հետազոտություն: Ամենաիրատեսական մոտեցումն այն է, որ մարդը վճարի այնքան, որքան ինքը գնացել է՝ 40-50 կամ 300 դրամ: Մինչդեռ, քաղաքային իշխանությունները գնացել են միջինացված գնի, իսկ դա պետք է լինի իրատեսականության շրջանակներում: Օրինակ, Աբովյանից Երեւան երթուղին արժե 200 դրամ, նույն հեռավորությամբ երթուղին Երեւանի մեջ արժե 100 դրամ, նման պարագայում շահութաբերություն չի կարող լինել: Հաշվարկները ցույց են տալիս, որ Երեւանում ուղեւորափոխադրման արժեքը կարող է լինել 150, 200 եւ 250 դրամ: Մենք երանի ենք տալու քաղաքի մի ծայրից մյուսը 100 դրամով անցնելուն»: Նրա դիտարկմամբ, ուղեւորափոխադրման գնի բարձրացումը չի ենթադրում որակի բարձրացում։ Դրա համար ներդրումներ են պետք, մինչդեռ, բանկային համակարգը չի ուզում գործ ունենալ փոխադրողների հետ։ Նա նշեց, որ քաղաքապետարանը մշակում է նոր երթուղային ցանց, ըստ որի՝ քաղաքի մեկ ծայրից մյուսը այլեւս հնարավոր չի լինելու հասնել մեկ տրանսպորտային միջոցով եւ մարդիկ ստիպված են լինելու մի քանի ավտոբուս փոխել։ «Նոր երթուղային ցանցը, որի մասին չեն բարձրաձայնում, ենթադրում է, որ օրինակ Ռայկոմից մինչեւ 3-րդ մաս հասնելու համար մարդը պետք է ծախսի մինչեւ 300 դրամ»։ Տ. Հովհաննիսյանը նշեց, որ որպեսզի ուղեվարձը չբարձրանա, անհրաժեշտ են դոտացիաներ, անհրաժեշտ է փոխադրողներին ազատել հարկերից, իսկ գազի լիցքավորումը կատարվի այն գնով, ինչը հիմա սահմանին է։ Հրանտ Եղիազարյանի կարծիքով, որպեսզի ուղեվարձը մնա 100 դրամ, պետք է ձեւավորվեն նոր երթուղիներ, որոնք կսկսվեն կամ կվերջանան մետրոների մոտ եւ նրանք չեն խանգարի տրոլեյբուսի երթուղուն։