Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի պատճառով են տեղի ունեցել մահերը ՊՊԾ գնդում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaruhi

«Ես դառնում եմ քաղաքապետ եւ սկսում եմ ազատագրումը Երեւանից»,- այսօր հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջանը:  Երեւանի քաղաքապետի թեկնածուն  իր կուսակիցների հետ  Էրեբունի համայնք հասավ՝ չշրջանցելով Սարի թաղը, որտեղ նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցան  հայտնի իրադարձությունները։  «Ապստամբությունը ժողովրդի ապստամբությունն էր, որը համերաշխություն հայտնեց զինյալ ապստամբներին: Զինյալ ապստամբները մեր հերոսներն էին, եւ նրանք հենց այնպես չէին վերցրել զենքը, վերցրել էին, որովհետեւ մեր երկրում տիրում է բռնակալություն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:  ՊՊԾ  շենքը գրաված «Սասնա ծռեր»-ին  Զարուհի Փոստանջյանը պատասխանատվության  չէր ենթարկի։ Ըստ նրա՝ նույնիսկ օրենքի շրջանակներում  բոլոր հիմքերը կան՝ նրանց քրեական պատժի չենթարկելու։ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները նրանք էին հենց հայտարարում եւ այստեղից նաեւ թռուցիկներ էին շպրտում ուղղաթիռից, որ եթե դուք վայր եք դնում զենքը եւ թողնում եք ՊՊԾ գունդը, ապա ձեր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարի: Չնայած նրան, որ նրանք այդպես էլ արեցին, բայց իշխանությունները եւս մեկ անգամ ինչպես միշտ խաբեցին թե մեր հանրությանը,  եւ թե մեր հերոսներին»: ՊՊԾ գնդում տեղի ունեցած սպանությունների համար, քաղաքապետի թեկնածուի  կարծիքով , պետք է պատասխան տա Սերժ Սարգսյանը. «Որովհետեւ իր պատճառով են տեղի ունեցել մահերը: Իրեն մենք պետք է կանչենք պատասխանատվության»: Զարուհի Փաստանջյանը  վստահ է, որ իր կուսակցությունը մեծամասնություն է կազմելու Երեւանի ավագանու  մայիսի 14-ի ընտրություններում։   Նա չի պատրաստվում միանալ «Ելք» դաշինքին, նույնիսկ այն պարագայում, որ որոշ վերլուծաբաններ անհնար են համարում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակն առանց միավորվելու։ «Մենք ունենք տարբեր ծրագրեր Նիկոլ Փաշինյանի հետ, որի ոչ գաղափարախոսությունը, ոչ սկզբունքը չի համընկնում:  Իսկ Նիկոլ Փաշինյանը այս պահին պատգամավոր է եւ պահանջված է խորհրդարանում»:  Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարո՞ղ է քաղաքապետի ծանր աշխատանքը կատարելեւ բարձրացնել ծանրաձողը: «Ձեզ հետ միասին: Ես մարզված եմ բավականին, հմուտ եմ, կամք ունեմ, բայց նաեւ ձեր բոլորի կարիքը ունեմ: Եւ այդ  կարիքը դուք պետք է ցուցաբերեք ինձ հետ մարտի գնալիս մայիսի 14-ին, ընտրատեղամասում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Երեւանի քաղաքապետի թեկնածուն  վստաh է, որ  մինչեւ մայիսի 14-ը կկարողանա  համոզել երեւանցիներին, որ հենց ինքն ու իր գլխավորած ուժն են ի վիճակի բարձրացնել Երեւանը փրկող ծանրաձողը։