Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում փնտրվում են «հրեշտակ ներդրողներ» (տեսանյութ)

Տնտեսություն
1

«Հրեշտակ ներդրողներ» արտահայտությունը Հայաստանում առանձնապես տարածված չէ, սակայն ողջ աշխարհում գոյություն ունեն նման ցանցեր։ Դրանք այն մեծահարուստներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում։ Դույգու Օկթեմը ներկայացուցիչն է Եվրոպական ներդրողների հիմնադրամի, որի նպատակը սթարթափերի հետ կապ հաստատելն ու նրանց համար ներդրողներ գտնելն է, մասնավորապես Թուրքիայում։ Դույգու Օկթեմը Երեւանում է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը մասնակցելու համար. «Ես  լավատես եմ, հավատում եմ, որ նման ծրագրերը հնարավորություն կտան, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա սառույցը հալչի։ Ես դեռեւս ծանոթ չեմ Հայաստանի ուժեղ կողմերին, սակայն կարծում եմ, որ մեր երկրների հրեշտակ ներդրողները կարող են կապեր հաստատել եւ որոշակի ներդրումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, քանի որ թուրքական շուկան բաց է, մենք շահագրգռված ենք ընդունելու նաեւ հայկական սթարթափերին, ինչո՞ւ ոչ»։ Թուրքիայում կան 421 հրեշտակ ներդրողներ, որոնք արդեն 22 մլն դոլարի ներդրումներ են իրականացրել։ Այս հանդիպման նպատակն է Հայաստանում եւ Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը: Հետաքրքրություն հատկապես այն ընկերություններն են ցուցաբերում, որոնք Թուրքիայում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերություններ են։  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանում ՏՏ ոլորտի դինամիկ աճը հետաքրքրություն է առաջացրել եւ կարող է նպաստել վենչուրային կապիտալի ներգրավմանը։ «Վոլո» ընկերության հիմնադիր Մեթ Բարթեզյանը նշում է՝ իրենց կազմակերպությունը   միջազգային առաջատար ընկերություններին նորարարական ծառայություններ է մատուցում։ «Մենք ֆանտաստիկ տաղանդ ունենք այստեղ, ֆանտաստիկ հնարավորություն ունենք, խնդիրն այն է,  որ մենք շատ չունենք, մենք սահմանափակված ենք քանակով, սահմանափակված ենք դուխով, եւ էդ շատ սխալ է։ Իմ ընկերությունը ծառայություն է մատուցում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում, մենք չունենք մի հաճախորդ, որ մեզանից լավ է անում այն, ինչ մենք ենք անում»։ Կազմակերպության ղեկավարն ընդգծում է՝ Հայաստանում տարեկան տեխնիկական համալսարաններ է ավարտում 1300 ուսանող։ Վիետնամում, օրինակ,  նրանց թիվը հասնում է 120 հազարի։ Սակայն անհամեմատելի է նրանց կրթական որակը։ «Հայ ծնողներին ուզում եմ ասեմ մի ուղարկեք տնտեսություն, մի ուղարկեք իրավաբանություն, բոլոր ձեր երեխաներին տեխնիկական կրթություն տվեք կամ անգլերեն, որ գան տեխնիկական կազմակերպությունների համար աշխատեն։ Չարժե ընդհանրապես իրավաբան դառնալ, բանկերի հետ աշխատել, արժե դառնալ ինժեներ»։ Միջազգային կազմակերպության ղեկավարը, սակայն, գերադասում է աշխատել ոչ հայկական կազմակերպությունների հետ, ասում է՝ նրանք պահանջկոտ են,  չեն սիրում վճարել ծառայության դիմաց ու հաճախ չգիտեն, թե ինչ են ուզում։