Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ն Ն. Փաշինյանին կասկածում է ՀՀԿ-ին սատարելու մեջ (տեսանյութ)

Քաղաքականություն
cirani

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուներ Ստելլա Աղաջանյանը եւ Վարուժան Անտոնյանը, խոսելով առաջիկա ընտրություններից, նշեցին, թե ինչի համար են անդամակցել հենց այս կուսակցությանը. «Անվերապահորեն վստահում եմ Զարուհի Փոստանջյանի անբասիր քաղաքական գործունեությանը, նրա անվեհեր կեցվածքին»,-ընդգծեց Ստելլա Աղաջանյանը` ավելացնելով, որ Զարուհի Փոստանջյանի հետ փորձելու են ճեղքել, ազատագրել Երեւանը ՀՀԿ-ից, նրա բռնապետական, ավազակապետական համակարգից. «Ապրիլի երկուսին տեղի ունեցավ այն, որ փորձեցին ժողովրդին արժեզրկել` ասելով, թե փող է վերցրել ու ընտրել իշխանություններին։ Դրան հավատում են միայն ՀՀԿ-ն ու նրա կցորդները։ Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը տապալել է ու կործանել Երեւանը` նրանց քայլերի արդյունքում քաղաքն աղճատվել է։ Այս ամենն արվում է, որ ՀՀ-ն հայաթափվի. մարդը միայնակ է իր խնդիրների հետ»: Թե ինչու պետք է մարդիկ ընտրեն «Երկիր Ծիրանի»-ին՝ հաշվի առնելով, որ ընտրապայքարի մեջ երեք ուժ է, որից ընդդիմադիր է նաեւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ելք դաշինքը, տիկին Աղաջանյանն ընգծեց. «Մեր կուսակցության առանցքային դեմքը Զարուհի Փոստանջյանն է, որն իր քայլերով ապացուցել է, որ ինքն այնտեղ է, որտեղ կա ցավ, խնդիրներ։ Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչու ԱԺ պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը որոշեց առաջադրվել ավագանու թեկնածու է: Ես կասեմ` նպատակն այն է, որ ընտրողը չունենա երկու բեւեռ, ընտրողը հասկացել է, որ հնարավոր չէ ՀՀԿ բեռը տանելը։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ընտրապայքարի մեջ` ՀՀԿ-ին սատարելու համար։ Մեր երկիը մեծ արագությամբ գահավիժում է։ Նաեւ` մարդիկ շատ են համակրում Զարուհի Փոստանջյանին»։ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Վարուժան Անտոնյանը նաեւ ժպիտով ավելացրեց. «Դուք նկատե՞լ եք Տարոն Մարգարյանի նախընտրական ցուցապաստառի գույները` ծիրանագույն։ Սա նշանակում է իշխանափոխություն»: