Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուսահատության գազելներից, մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյանը՝ Մալաթիայում

Քաղաքականություն
nikol-elq

«Ելք» դաշինքի կողմից Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ավագանու անդամ առաջադրված թիմակիցներն այսօր այցելեցին Մալաթիա-Սեբաստիա համայնք: Նրանք շրջեցին բազմաթիվ բակերում՝ կոչ անելով  Երևանի առաջիկա ավագանու ընտրություններում  քվեարկել հօգուտ «Ելք» դաշինքի և վանկարկելով՝ «Երևան ջան, երևանցիներ ջան, ելք կա»։ «Դուք ունեք հնարավորություն  Երևանում հաստատված կլանային  ու կոռումպացված իշխանությունը փոխարինել ժողովրդական, հաշվետու ու արդյունավետ  իշխանությամբ: Այդ օրը դուք ձեր քվեով կարող եք մեծ փոփոխություններ բերել ձեր թաղամասին, քաղաքամայր Երևանին, ու դրանով հիմք դնել ավելի մեծ փոփոխությունների: Ուստի մայիսի 14-ին դուխով գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք փոփոխություններ բերող ուժին՝ «Ելք դաշինքին» և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան վերելակներից, փոշու և աղբի ամպերից, կաթող տանիքներից ելք կա»,-այցելած բոլոր բակերում իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը: Այցելած բակերից մեկում խաղահրապարակ չկար, իսկ տարածքի մեծ մասը զբաղեցնում էին ավտոտնակները: Բնակիչները «Ելք»-ի անդամներին ստորագրահավաք հանձնեցին, որում իրենք ցանկություն են հայտնում ավտոտնակների տանիքների վրա կառուցել խաղահրապարակ:  Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում կզբաղվի այդ հարցով: «Այսպիսով մենք ավտոտնակների սեփականատերերի իրավունքները չենք ոտնահարում, ընդհակառակը, նրանք մեզ են օգնում, մենք իրենց՝ բարեկարգելով տարածքը, միաժամանակ ստեղծելով խաղահրապարակ երեխաների համար»,-ասաց քաղաքապետի թեկնածուն: Նա հավելեց, որ «Ելք»-ը ունի կանաչ տանիքների փորձնական ծրագիր: «Մենք կանաչ տանիքները ավելացնելու խնդիր ունենք քաղաքում, որովհետև այսօր Երևանի մեկ շնչին ընկնող կանաչ տարածքները միջազգայն ստանդարտներից երկու անգամ քիչ են, ինչը կատաստրոֆիկ է: Էն մարդկանց համար, ովքեր հուսահատության քաղաքական գաղափարախոսության կրողն են,  մեր ծրագրերը անիրատեսական են: Նրանց ասածը հետևյալն է՝ մի քիչ էլ կվատանա, ու տենց էլ կմնա:  Մենք ասում ենք՝ պիտի անընդհատ լավանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցները նաև հավաստիացնում են՝ «Ելք» դաշինքի երիատասարդները քաղաքապետարանի աշխատակազմը կառավարելիս վերանայելու են հատկապես դպրոցների տնօրենների կադրային քաղաքականությունը: «Տնօրենները զբաղվելու  են կրթական աշխատանքով, ոչ թե այս կամ այն կուսակցության օգտին  ձայներ հավաքագրելով»,-ասաց ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը: