Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղպտիների եկեղեցու վրա հարձակումից հետո Հռոմի Պապն այցելում է Եգիպտոս

Հասարակություն
pope

Ամերիկայի ձայն Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկօրյա այցով ժամանում է Եգիպտոս ուրբաթ օրը: Փողոցներում անվտանգության մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ: Այցը տեղի է ունենում ԴԱԵՇ-ի կողմից Եգիպտոսի ամենամեծ քրիստոնյա կրոնական փոքրամասնության՝ ղպտիների եկեղեցու վրա հարձակումներից հետո, որի արդյունքում զոհվել է 40 մարդ: Հարձակումներից հետո Վատիկանը հրաժարվել է չեղյալ հայտարարել Հռոմ Պապի այցը և տրամադրել համապատասխան զրահապատ ավտոմեքենա: Հասարակության մի հատվածը մտահոգություն է հայտնում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի անվտանգության հետ կապված, սակայն մյուս հատվածն այն դիտարկում է որպես իրավիճակի բարելավման ցուցանիշ: «Հույս ունեինք, որ այցը տեղի կունենար ավելի լավ հանգամանքներում, սակայն հարգում ենք նրան, որ չեղյալ չհայտարարեց այցելությունը: Նա տեղյակ է, որ խաղաղության ու սիրո մասին իր ուղերձը կարևոր է Եգիպտոսի ժողովրդի համար»,- ասում է տեղի կրպակատեր Սաբեր Ղեբրիալ Այոբը: Եգիպտոսի բնակչույան 90 միլիոնից 10 միլիոնը ղպտիներ են: Մերձավոր Արևելքում, սակայն, քրիստոնյա բնակչության թիվը գնալով նվազում է: ԴԱԵՇ-ի պատճառով նրանց զգալի հատվածը լքել է Սիրիան և Իրաքը վերջին տարիներին: Եգիպտոսում սակայն քրիստոնյաների խնդիրները կապված են տնտեսական և քաղաքական որոշ խտրականության հետ: «Մենք կորցրել ենք շատ իրավունքներ: Եգիպտոսում մենք կարևոր խնդիրներ չենք լուծում և ենթարկվում ենք խտրականության իշխանությունների կողմից: Մենք շատ դժվարությունների ու ճնշումների ենք ենթարկվում»,- ասում է տեղի առևտրական Մագեդ Թաքավի Ֆախրը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստվում է հանդիպել Եգիպտոսի քաղաքական և հոգևոր վերնախավի հետ, ինչպես նաև հանդիպել հանրությանը Կահիրեի մարզադաշտում: Նա խոստացել է նպաստել կրոնական հանդուրժողականությանը Եգիպտոսում: