Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե Հյուսիսային, այլ «գառաժների» պողոտա (տեսանյութ)

Հասարակություն
ZAkyTyJOtpY

Երեւանում կառուցվող անհայրենիք էլիտար շենքերը չեն բնութագրում Երեւանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քանդակագործ Լեվոն Թոքմաջյանը։ «Որքան գիտեմ, հիմա նախատեսվում է ստեղծել նոր «Հին Երեւան»։ Ինչի՞ հին Երեւանը քանդվեց, որ հիմա նոր հին Երեւան կառուցեն։ Մնացած հարցերը կարող են լուծել, տրանսպորտի, կանաչապատման, սակայն քաղաքի ճարտարապետական դիմագիծը պետք է պահպանել»։ Ըստ քանդակագործի՝ նոր ավագանու հիմնական խնդիրը պետք է լինի հին եւ նոր Երևանի կապը պահպանելը։ «Իսպանացի մի քանդակագործ կար՝ Պաբլո Սերանո, որ եկել էր Երեւան՝ ես էի նրան ուղեկցում, ինչ ցույց էի տալիս, ասում էր՝ դրանից Իսպանիայում էլ կա։ Դուք ձերը ցույց տվեք։ Հիմա ո՞րն է մերը։ Մենք արտացոլումն ենք տեսնում ասֆալտի, քարի, սեւ ապակիների։ Կանաչ տարածքները քիչ են, դրանց վրա պետք է ուշադրություն դարձվի»։ Նա դժվարացավ ասել, թե ինչ կարելի է ցույց տալ, երբ հյուրեր են ունենում։ Փոխարենը, գեղանկարիչ  Վալմառը նշեց, որ ցույց է տալիս Հյուսիսային պողոտան։ Մինչդեռ Թոքմաջյանի խոսքերով, այդ պողոտային կարելի է ոչ թե «Հյուսիսային», այլ «գառաժների» պողոտա անվանել։ «Էդ շենքներն էլ, որ չլինեին, ամառը շոգից այնտեղ կարելի էր խեղդվել, մի հատ ծառ չկա։ Պատկերացնո՞ւմ եք էսօր աշխարհում մի քաղաք, որտեղ պողոտա կա, ծառ չկա»։ Անդրադառնալով կրկեսի նոր շենքին՝ նա նշեց, որ իր մտահոգությունն այն է, թե որտեղ է լինելու Ենգիբարյանի արձանը։ Գեղանկարիչ Վալմառի խոսքերով, երբեմն պատճառը պետք է նաեւ մեր մեջ փնտրենք, «Երբ երեխան խաղում է քաղաքում տնկված ծաղիկների մեջ եւ փչացնում է դրանք, մայրը անտարբեր է, մարդիկ լռում են, ուրեմն ո՞վ է մեղավոր»։ Լ. Թոքմաջյանն անդրադառնալով Երեւանի ավագանիում ընդգրկված արվեստագետների դերին՝ նշեց. «Արվեստագետները պետք է անհաշտ լինեն, որովհետեւ ոչ մի վախենալու բան չկա, պաշտոնի հարց չկա։ Նրանք պետք է ազատ լինեն իրենց կարծիքների մեջ։ Սակայն ես նման բան չեմ տեսնում»։