Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանի եզրափակիչ ելույթը ՍԴ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
sd5

Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։ Որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործել է պետական իշխանության լծակները եւ իր վերահսկողության ներքո գտնվող ամբողջ վարչական ռեսուրսն ու հանրային հիմնարկները՝ ընտրողների վրա ճնշելու նպատակով, հայտնի է բոլորին, այդ թվում այս դատարանում մեր ընդդիմախոսներին, ինչքան էլ նրանք փորձեն անցած ընտրությունների նկատմամբ «անկեղծ» հավատի պոզա ընդունեն։ Որ Հանրապետական կուսակցության օգտին ընտրողների վրա ճնշումներ են գործածում իշխանության հետ սերտաճած մասնավոր ընկերությունների սեփականատերերը, ովքեր այնուհետեւ Հանրապետական կուսակցության ցուցակով դառնում են պատգամավոր եւ Սահմանադրության խախտմամբ համատեղում ձեռնարկատիրոջ եւ պատգամավորի կարգավիճակները, նույնպես գիտեն բոլորը։ Այդ ամենի մասին գիտեն անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-դիտորդները, որոնց համապատասխան հայտարարությունները բազմիցս ընթերցվեցին այս լսումների ժամանակ։ Սրա մասին սակայն, պարզվում է, «չգիտեն» հենց այն հաստատությունները, ում գլխավոր առաքելությունն է ընտրությունների օրինականության վերահսկումը, ում գլխավոր պարտականությունն է նման հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորների պատժումը, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը եւ ոստիկանությունը։ Տարիներ շարունակ այս հաստատությունները մեզանից պահանջել են ընտրողներին ճնշելու եւ կաշառելու հետ կապված համակարգային եւ համատարած խախտումների կոնկրետ ապացույցներ։ Հիմա այդ ապացույցները վերջապես ստացված են։ Այստեղ է, որը բացվում է նրանց իրական դեմքը, եւ պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դատախազությունը, ոստիկանությունը զբաղված են ո՛չ թե այդ հանցագործությունների բացահայտմամբ, այն նրանց պարտակումով։ Խոսեմ ապացույցներով։ 119 ձայնագրությունների գործը։ Դանիել Իոաննիսյանի կատարած 119 հայտնի ձայնագրությունները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը հանձնարարություն է տվել հանրապետության ամբողջ տարածքում հանրակրթական դպրոցների տնօրեններին եւ մանկապարտեզների վարիչներին՝ հավաքագրել իրենց տնօրինության տակ գտնվող աշակերտների եւ երեխաների ծնողներին Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար եւ այդ ընտրողների ցուցակները տրամադրել Հանրապետական կուսակցության ընտրական շտաբին, ինչպես նաեւ մարզպետարաններին եւ տեղական կառավարման մարմիններին։ Վերջապես ստացված էին անհերքելի ապացույցներ Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսի այնպիսի համակարգային եւ համատարած կիրառման մասին /խոսքը գնում է 380 000 աշակետների եւ հարյուր հազարավոր մանկապարտեզի տարիքի երեխաների ծնողների մասին/, ինչը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Առկա էին բոլոր հիմքերը Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար։ Այնուհետեւ կատարվում ապշեցուցիչ մի բան։ ԿԸՀ-ն սկսում է գործի վարույթ, ստանում է տնօրեններից եւ վարիչներից բացատրություններ առ այն, որ իրենք կւսակցության համակիրների ձայները հավաքել են ոչ աշխատանքային ժամերին, դրանից հետո որոշում է, որ օրենքը չի խախտվել եւ մերժում երկու ընտրական դաշինքների դիմումը՝ գործը Վարչական դատարան ուղարկելու վերաբերյալ։ Մեր հարցերին, թե ինչպե՞ս է իրականացվել այդ վարույթը, ո՞վ է վերցրել բացատրությունները, ի՞նչ հարցեր են տրվել տնօրեններին, մասնավորապես ցուցակների կազմմամն մեթոդների եւ այդ ցուցակները մարզպետարաններին եւ ՏԻՄ-երին ուղարկելու նպատակի վերաբերյալ, Մուկուչյան հրաժարվեց պատասխանել։ Տիգրան Մուկուչյանը չի կարող այդ հարցերին պատասխանել եւ հրաժարվում է տալ տնօրեններից բացատրություններ վերցնող մարդկանց անունները շատ պարզ պատճառով. իրականում ԿԸՀ-ն վարույթ չի իրականացրել եւ ոչ մեկից բացատրություն չի խնդրել։ Նա ստացել է տնօրենների կողմից ստորագրված միաբովանդակ բացատրությունների տրցակը Հանարապետական կուսակցության շտաբից, եւ իբր իրականացրած վարույթի արդյունքում, հերքել է խախտման փաստը։ Մուկուչյանը ակնհայտ ստում է եւ պարտակում հանցագործությունը։ Դատական առաջին նիստում բացատրությունը ներկայացնելիս արդեն հիմնավորել ենք, որ տնօրենների եւ վարիչների, ինչպես նաեւ նրանց նման հանձնարարություն տված Հանրապետական կուսակցության ընտրական շտաբի ղեկավարների եւ այդ ցուցակներով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչների գործողությունները քրեորեն պատժելի արարքներ են, սակայն դատախազությունը նույնպես պարտակում է այդ հանցագործությունը, դրսեւորելով հանցավոր անգործություն։ Այսպիսով, Հանրապետական կուսակցության կողմից համատարած եւ համակարգային բնույթ կրող վարչական ռեսուրսների օգտագործման եւ ընտրողների վրա ապօրինի ճնշումների կազմակերման ակնհայտ ապացույցները ոչ միայն պատշաճորեն չեն ուսումնասիրվել ԿԸՀ կողմից, այլեւ այդ հանցագործությունը պարտակվել է, դրա հիման վրա ընդունվել են ապօրինի որոշումներ, որոնք հնարավորություն չեն տվել կատարել օրենքի պահանջները եւ վերացնել ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչնդոտող էական մի գործոն։ Հետեւաբար, ԿԸՀ-ի որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքերը չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը եւ պետք է ճանաչվեն անվավեր։ Ընտրակաշառքի բաժանումը։ ԿԸՀ-ն եւ դատախազությունը նույնակերպ պահվածք են դրսեւորել Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքի համատարած բաժանման հանցագործության վերաբերյալ։ Թեեւ ԿԸՀ-ն արձանագրել է ընտրակաշառքի բաժանման մի քանի ակնհայտ դեպքեր, սակայն այդ դեպքերի վերաբերյալ գործերը չեն ուղարկվել դատախազություն։ Պատասխանելով մեր հարցերին, ԿԸՀ նախագահը փորձեց համոզել, որ գործերը դատախազություն չեն ուղարկվել, քանի որ արդձանագրած այդ դեպքերում խոսքը եղել է «խոստման» մասին, ինչը չի կարող դիտարկվել քրեորեն պատժելի արարք։ Մինչդեռ, Քրեական օրենսգրքի Հոդված 154.2 հստակ սահմանում է «կաշառք տալը» որպես «դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր, կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը»։ Հետեւաբար, ԿԸՀ-ի բացատրությունները որեւէ աղերս չունեն օրենսդրության պահանջների հետ, եւ ԿԸՀ-ն նաեւ այս գործերում դրսեւորել է հանցավոր անգործություն։ Այդ գործերի վերաբերյալ դատախազությունը նույնպես որեւէ քայլ չի կատարել, դրսեւորելով հանցավոր անգործություն։ Փաստորեն, ե՛ւ ԿԸՀ-ն, ե՛ւ դատախազությունը ընտրակաշառքի բաժանաման ակնհայտ դեպքերի վերաբերյալ դրսեւորել են ոչնչով չբացատրվող եւ տարօրինակ հանդուրժողականություն։ Ցանկանում եմ հիշեցնել, որ խոսքն այնպիսի դեպքերի մասին է, երբ ընտրակաշառքի փաստը արձանագրվել է տեսախցիկներով եւ տեղի ունեցել հրապարակայնորեն, բոլորի աչքերի առաջ։ Եթե նման ակնհայտ դեպքերում գործին ընթացք չի տրվել, ապա ի՞նչ եզրակացության կարող ենք գալ ԿԸՀ-ի եւ իրավապահ մարմինների հակազդեցության մասին  ընտրակաշառքի բաժանման այն գործընթացի պարագայում, որը տեղի է ունեցել գաղտնի եւ որի բացահատումը պահանջում էր իրավապահ մարմիններից գործուն օպերատիվ միջամտություն։ Եթե այս ամենին ավելացնենք նաեւ մեր դիմումում մեջբերած Հանրապետական կուսակցության առաջնորդների հրապարակային հայտարարությունները, համաձայն որոնց ընտրակաշառքը իրականում «ընտրակաշառք չի, այլ բարեգործություն», ապա հասկանալի է դառնում, որ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն համատարած զբաղվել է ընտրակաշառքի բաժանումով, ինչի մասին անգամ լրատվամիջոցներով բացահայտ խոսում է ժողովուրդը, այլ նաեւ հատուկ խրախուսել է այդ գործընթացը, ստեղծելով դրա շուրջ հանդուրժողականության եւ անպատժելիության մթնոլորտ։ Ավերոդ չեմ համարում այստեղ մեջբերել այդ կապացությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական հայատարարությունը. «Չնայած այն հանգամանքին, որ իրավական դաշտում իրականացվել են ողջունելի բարեփոխումներ եւ նոր տեխնոլոգիաներ են ներդրվել նվազեցնելու ընտրական խախտումների դեպքերը, ընտրությունները ստվերվեցին ընտրակաշառքների եւ քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին արժանահավատ տեղեկություններով: Դա նպաստեց հանրության կողմից ընտրությունների նկատմամբ ընդհանուր վստահության ու հավատի բացակայությանը»: Քվեարկության գաղտնիության խախտումները։ Պնդում ենք, որ քվեարկության գաղտնիության խախտումները կրում են համատարած եւ համակարգային բնույթ։ Տեսաժապավենների ուսումնասիրության մեր միջնորդության մերժումը Սահմանադրական դատարանի կողմից որեւէ արդարացում չունի։ Մենք չէինք առաջարկում ապացույցների ձեռք բերման բեռը դնել Սահմանադրական դատարանի վրա։ Պատահական ընտրանքի սկզբունքով ընտրած տեղամասերի տեսագրությունների մասնակի ուսումնասիրությունը արդեն բացահայտել էր համատարած խախտումների օրինաչափությունը։ Այդ ապացույցները ձեռք էինք բերել եւ ներկայացրել ինչպես ԿԸՀ, այնպես էլ Սահմանադրական դատարան։ Մենք ընդամենը առաջարկում էինք ավարտել այդ աշխատանքը եւ վերացնել որեւէ կասկած մեր եզրակացությունների վերաբերյալ։ Դա չանելը հետեւաբար դիտարկում ենք որպես հանցագործության պարտակմանը հավասարազոր քայլ։ Եւ վերջում պատասխանեմ մեր ընդդիմախոսների գլխավոր փաստարկին։ Պատասխանող կողմը, հարակից կողմերը ասում են, եւ վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը նույն այդ փաստարկը կդնի իր որոշման հիմքում, որ մեր հանձնաժողովի անդամները եւ վստահված անձինք չեն բողոքարկել խախտումները օրենքով նախատեսված եղանականերով, չեն գրել կամ շատ քիչ քանակով հատուկ կարծիք կամ այլ գրառումներ են արել մատյաններում, չեն բողոքարկել ընտրատարածքային հանձնաժողովներում կամ համապատասխան դատարաններում, հետեւաբար մեր պնդումները չեն հիմնավորվում։ Նախ ասեմ, որ այս տրամաբանությունն անընդունելի է։ Պատկերացրեք, որ դուք ներկայացնում եք որեւէ երկրի ոստիկանություն բռնաբարության մասին վկայող տեսաժապավեն, սակայն ոստիկանությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել այն հիմքով, որ տուժածի կողմից դա պատշաճ կերպով չի բողոքարկվել։ Իրական պատճառը անվստահությունն է Հայաստանի իրավապահ եւ ընտրական բողոքարկման համակարգի վերաբերյալ։ Դրա մասին նաեւ ասված է այս դահլիճում արդեն իմ կողմից մեջբերած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների հայտարարության մեջ։ Այդ անվստահությունը ինչպե՞ս է ձեւավորվում։ 10/03 եւ 13/38 տեղամասերում կատարվածի օրինակները արդեն բերել եմ, որոնք ամենախոսուն ձեւով ցույց են տալիս, որ ո՛չ վերադաս ընտարական հանձնաժողովները, ո՛չ ոստիկանությունը բողոքներին ընթացք չեն տալիս։ Նույն մթնոլորտ տիրում էր ամենուրեք։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի, աարագացված դատավարությունները ապացուցեցին, որ իշխանությունը չի ցանկանում բացահայտել ընտրակեղծարարության կազմակերպված բնույթը։ Ամփոփեմ։ Ես կարծում եմ, որ Սահմանդրական դատարանում մեր դիմումի քննարկումը շատ կարեւոր արդյունքներ է տվել։ Այս դատական քննության ընթացքում ապացուցվել է հանրապետական կուսակցության կողմից պետական իշխանության լծակների եւ վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը, որը կրել է համակարգային  եւ կազմակերպված բնույթ եւ էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ապացուցվեց նաեւ, որ ԿԸՀ-ն եւ իրավապահ համակարգը պարտակել են այդ հանցագործությունը։ Ապացուցված է ընտրակաշառքի բաժանման նկատմամբ ԿԸՀ-ի եւ իրավապահ համակարգի  վերեւից հրահանգավորված հանդուրժողականությունը, իրավապահ համակարգի հանցավոր անգործությունը եւ պարտակումը։ Ապացուցված են քվեարկության գաղտնիության բազմաթիվ խախտումներ, եւ ապացուցված է, որ ո՛չ ԿԸՀ-ն, ո՛չ Սահմանադրական դատարանը չուզեցին այդ ապացույցները քննել։ Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը չի բավարարի մեր հայցը։ Խնդիրը սակայն բավարար ապացույցների բացակայության մեջ չէ։ Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք։ Դուք այստեղ իրականում միայն մեկ գործ եք անում՝ ինչքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ նրա կողմից կազմակերպված ընտրակեղծարարությունը։ Դրա համար երկրում ստեղծվել է ճմարտության մերժման մի ամբողջ իրավաբանություն։ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ Սահմանադրական դատարանը ոչ թե լուծում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճեր, այլ «ընտրությունների արդյունքում ընդունված որոշումների» հետ կապված վեճեր։ Հատուկ այնպես է արված, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններից դուրս որեւէ գործոն Սահմանադրական դատարանում քննարկման առարկա չդառնա։ Սա փակուղի է, որում հայտնվել է մեր ամբողջ ազգը։ Ժողովուրդը խաբված է ահաբեկված, կորցրել է հավատը ընտրություններով որեւէ հարց լուծելու նկատմաբ, հետեւաբար, նաեւ ընդհանրապես որեւէ հեռանկարի նկատմամբ։ Այս փակուղուց պետք է ելքեր փնտրել։ Իսկ ելքը շատ պարզ է՝ ամեն ինչ անել ճշմարտության հաղթանակի համար։ Այսօր դա տեղի չի ունենա։ Բայց մի օր դա ազգովի անելու ենք։ Լեւոն Զուրաբյան 28 ապրիլի 2017