Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հետքը՝ լեհական մշակույթում (տեսանյութ)

Հասարակություն
lvov

Լվովի հայկական եկեղեցին, որպես Արևելյան Եվրոպայի մեծագույն մշակութային ժառանգություն, գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Լվովի հայկական տաճարի վերածնունդ» խորագիրը կրող ցուցադրություն՝ նվիրված Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Անցյալ տարվա ընթացքում այն ցուցադրվել էր Լեհաստանի մի շարք քաղաքներում: «Հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի քաղաքական ու մշակութային ոլորտների զարգացման մեջ: Լեհաստանին տվել են հայտնի պետական գործիչներ, դիվանագետներ, բժիշկներ, գիտնականներ, ճարտարապետներ»,- ասում է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Անիի անկումից հետո, 13-14-րդ դարերում, Լեհաստանում հաստատված հայ համայնքը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ մեծ դերակատարում ունեցավ: Իր ժամանակի ամենաազդեցիկ հայկական գաղթօջախներից էր, իսկ Լվովը՝ լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը: Հայկական փողոցը, որ ներկայում էլ անվանափոխված չէ, քաղաքի ամենաբարետես ու բարեկարգ թաղամասն էր: Լեհաստանի տիրակալները մեծ արտոնություններ շնորհեցին հայերին՝ ազգային ծեսերի, ներքին ինքնավարության և ազգային օրենքներով՝ այն է Մխիթար Գոշի դատաստանագրքով առաջնորդվելու իրավասություն: Շատ հայեր ստացան ազնվականի տիտղոսներ: Նշանավոր գերդաստաններ էին Բոգուշևիչները, Շիմոնովիչները, Թեոդորովիչներն ու էլի շատ լեհականացված ազգանուններով հայեր, որոնք ավաղ աստիճանաբար ձուլվեցին: Իր ճարտարապետական ոճով Անիի եկեղեցիներին նմանվող Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին կառուցվել է հայ վաճառականների նվիրատվություններով: Տաճարի վերջին վերակառուցումն ու նկարազարդումը կատարվել է 20-րդ դարի սկզբին, թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Յոզեֆ Թեոդորովիչի պատվերով, որը իրականացրեցին կրակովյան մոդեռնիզմի վարպետներ Ֆրանչիշեկ Մոնչինսկին, Յուզեֆ Մեհոֆֆերը: Որմնանկարների, խճանկարների և վիտրաժների հեղինակը Յան Ռոսենն է: Բացի ճարտարապետական փոփոխություններից, տաճարը փոխել է նաև իր կրոնական պատկանելությունը: Կոնդակով, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի պատմական փաստաթղթերի գլխավոր արխիվում,1367 թվականին Լեհաստանի թագավոր Կազիմերժ Մեծն արտոնել էր ազատորեն քարոզել Հայ Առաքելական եկեղեցու հավատքը Լեհաստանի Թագավորության ողջ տարածքում: 1630 թվականին հայ եպիսկոպոս Նիկոլայ Թորոսին միության մեջ է մտնում Հռոմի հետ և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին դառնում է Հայ Կաթողիկե եկեղեցու նստավայրը: Խորհրդային տարիներին  եկեղեցին օգտագործվել է որպես պատկերասրահի պահոց: 2001-ին վերադարձվեց հայ համայնքին ու Հայ Առաքելական եկեղեցուն: «Այսօր գործող տաճարը պատկանում է Ուկրաինայի հայկական թեմին։ Որոշ հարևան երկրներում հայերի մշակութային ու պատմական հուշարձանները ոչնչացվում են` փորձելով ջնջել հայկական հետքը», - ասում է տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։ «Իսկ Եվրոպայում պատմամշակութային արժեքները ոչ միայն պահպանվում են, այլև` վերականգնվում: Նման քաղաքակիրթ պահվածքը պետք է օրինակ ծառայի»:  Ցուցադրությունը, որ իրականացվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ, բաց կլինի մինչև մայիսի 27-ը: